Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/332

Այս էջը հաստատված է

առանձնության մեջ լաց էր եղել մի անանուն գերեզմանի վրա, միտ դնելով, որ այդպես է նաև Վերթերի գերեզմանը կաղնիների պուրակում, որտեղ նա սպասել էր Շարլոտային։ Այդ գրքի ծալքերում դեռ մնում էին չոր ծաղիկներ և տերևներ, մոռացված տարեթվերով, մի ծվեն այն մետաքսից, որից կտրել էին նրա հարսնության զգեստը և թելի նման բարակ ծամ, որ ինքն էր հյուսել, որպես սուվենիր։

«Օ՜, ինչքան երեխա ենք մենք... ինչպես թանկ է մեզ համար սիրածի մի հայացքը... Օ՜, ինչքան միամիտ երեխաներ 10 ենք մենք․․․»։

Տիկին էլոիզը շրջեց մի այլ էջ։

- Ինչու՞ է այս կարոտը, այս սիրտ մաշող սպասումը...

Մայր է մտնում արևը և ուզում է վերջին անգամ իր շողերով ողողել դաշտերը և անտառը և ջրերը, ցոլք տալ և այնպես կորչել․․․ Ուրեմն ծերացե՞լ է արդեն և վերջին հրաժեշտն է տալիս։ Եվ այլևս չի լինի այլ սեր․․․

Տիկին էլոիզը նայում էր բաց էջին և չէր կարդում։

Նա տխուր նախազգում էր, որ այլևս կյանքը վերջանում է, և այն, որ նրան գարուն է թվում, չէ այն երիտասարդ գարունը, 20 որ խլրտում է դրսում, այլ խաբուսիկ գարունն է ձմեռնամուտին, երբ դեռ չի մաղել ձյունը և աշնան արևից խաբված երկրորդ անգամ խոտը կանաչում է։ Բայց հենց այդ զգացումն ավելի էր բորբոքում նրա կիրքը, նրա կանացի ծարավը՝ այս վերջին գավաթը ըմպելու կաթիլ առ կաթիլ և մինչև վերջ։

Ձմռան սկզբին էլոիզը վերադարձել էր Ռևելից։ Առաջին հանդիպումին ամուսինը՝ պրոֆեսոր Գերման Աուսլենդերը, ի շարս այլ նորությունների, նրան հաղորդել էր նաև Արմենիերի մուտքը Դորպատ։ Տիկին էլոիզը նրան հանդիպել էր 30 Պարրոտի տանը այն երեկո, երբ գնացել էր առաջին այցելության։ Երիտասարդը, ծանոթանալով, մի քիչ դժկամությամբ էր խոնարհել գլուխը և մի քանի րոպե լուռ մնալուց հետո հեռացել էր։

- Նա դեռևս բիրտ է և իրեն խորթ է զգում,- ասել էր պրոֆեսորը, տիկնոջը հարց ու փորձ անելով Ռևելի ծանոթներից։