Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/333

Այս էջը հաստատված է

Իսկ մի շաբաթ հետո պրոֆեսոր Աուսլենդերը կնոջն ասել էր, որ ինքը Արմենիերին երկրաչափություն է դասավանդելու։ Նրանք պիտի պարապեին տանը, ինչպես խնդրել էր պրոֆեսոր Պարրոտը։

- Որովհետև նա մեծ է տարիքով և թույլ է գիտությամբ, որպեսզի հաճախի սեմինարիա և կամ համալսարան։ Նա պետք է արագ սովորի այն պարզ գիտելիքները, որ չեն սովորեցնում նրա հայրենիքում, ինչպես ասաց հերր ռեկտորը։

Այդ օրից շաբաթը երկու անգամ Արմենիերը գալիս էր 10 նրանց տուն, տետրակները և քարե տախտակը թևի տակ, ինչպես դպրոցական տղա։

Պարրոտի կինը տիկին էլոիզին պատմել էր, որ երիտասարդը դյուրաբորբոք է, երբ խոսում են նրա հայրենիքի մասին։ Նա պատմել էր Արմենիերի ընդհարումը մեկի հետ, որը գռեհիկ էր արտահայտվել հայ աղջիկների մասին։ Տիկինն ասել էր նաև այն, որ նա բարձրաձայն է խոսում, ինչպես լեռնցի, որ հոգևոր կոչումի լինելով, նա խիստ բծախնդիր է իր հավատի և ծեսերի անաղարտության։ Տիկին Պարրոտը հատկապես խնդրել էր ուշադիր լինել նրա արտասանության, 20 շարժ ու ձևերի և նրա բնավորության դաստիարակության, կանացի բնազդով զգալով, որ ոչինչ այնքան գեղեցիկ չի հղկում երիտասարդին, որքան միջավայրը կիրթ և ազնվամիտ կանանց։

Սակայն այլ էր տիկին էլոիզը։ Այն ամենը, ինչ բիրտ էր Արմենիերի բարքի մեջ, նրա համար առնականի կատարելատիպն էր։ Նա սիրում էր նրա կոշտ լեզուն, հնչեղ ծիծաղը, որի համար տիկին Պարրոտը նրան խրատում էր, թե վայելուչ չէ այդպես աղմկալի ծիծաղելը տիկինների ներկայությամբ,- նրա պարզ միամտությունը, զգացմունքների անմիջականությունը, 30 նույնիսկ հայ դպրի տարազը, որով Արմենիերը առաջին օրերը գնում էր նրանց տուն,- սիրում էր նրա կախարդական պատմությունները Արևելքի մասին, որտեղ խիստ են սիրում և խիստ են խանդում,- սիրում էր Արմենիերի ոճավոր խոսքերը և նրա զարմանալի երգերը, որոնց մեջ կար և վիշտ, և վախ։