Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/334

Այս էջը հաստատված է

Տիկին էլոիզը սիրում էր նրան։ Սիրում էր ինչպես մայր, որ կրքով գուրգուրում է որդուն, սիրում էր և ինչպես կին, որ զգում է, թե այդ է վերջին գավաթը կենաց խնջույքի, որից հետո այլևս ոչինչ չկա և չի լինելու։ Նա և ուրախ էր, որ կյանքի ցուրտ միգում անակնկալ բոցավառվել էր այդ խարույկը, և տխրում էր, նախազգալով, որ կփչեն զորեղ հողմեր, կհանգչի կրակը և այլևս չի լինի ոչ սպասումի կարոտ, ոչ ջերմացնող մտերմություն և նույնիսկ մոխիրը կսառչի։

Նրան թվում էր, թե որ շատ վաղուց աղջկային երազների 10 մեջ երևացել էր այդպիսի մի երիտասարդ։ Երբ թերթում էր «Վերթերը», գրքի ծալքերում մոռացված ծաղիկները և ծամը նրան հիշեցնում էին այն թեթև սերերը և հանդիպումները, որ կանուխ չորացան, ինչպես առապարի ծաղիկները, որոնք միայն վաղ գարնան և շատ կարճատև շքեղացնում են առապարը... Ապա հանդիպեց Գերմանին, որի զվարթությունը ցամաքել էր նույն օրը, երբ նա հրաժեշտ էր տվել ուսանողական կյանքին Ենայի համալսարանում։ Այդ օրից սկսվել էր նրանց կյանքը՝ տաղտկալի և միօրինակ, ինչպես օրերը այն համեստ բյուրգերների, որոնք ծնվում և մեռնում են միևնույն 20 փողոցում և որոնց կյանքում՝ ծննդից մինչև մահ միակ նշանավոր դեպքը ամուսնությունն էր դրացուհու հետ։

Փողոցում ոտնաձայն լսվեց։ Նա է... Գալիս է։ Տիկին էլոիզը ոտքի ելավ։ Մի տաք դող անցավ նրա մարմնով։ Ահա նա բախում է դուռը։ Միայն նա է այդպես բախում՝ ամուր և երեք անգամ։

- Մի՞թե անձրևում է։

- Անձրևում է։

Արմենիերը զարմացած նայեց տիկին էլոիզին, թվաց թե ուրիշ դուռ էր ծեծել և ներս էր մտել ուրիշ տուն, որտեղ ապրում 30 էր ամենաչքնաղն այն գեղեցկուհիներից, որոնք բարձրացնելով վարագույրի եզրը, հետաքրքիր նայում էին արևելցուն։

Նա աչքերը հառել էր ժապավենի կարմիր փնջերին։

- Ինչու՞ այսօր այդպես եք հագնվել։

- Իսկ ձեզ դուր չի՞ գալիս։