Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/337

Այս էջը հաստատված է

գիշեր է, գարնան սպիտակ աստղերով... Տեսնես հիմա ի՞նչ է անում նանին։ Երևի քուրսու վրա ոսպ է փռել և հոգնած աչքերով ջոկում է քարերը։ Հանկարծ դռան ետևից կամաց կանչեր. «Ես եմ, նանի... Խաչերն եմ... Դուռը բա’ց»։

Տիկին էլոիզն աչքերը չէր հեռացնում նրանից։ Արմենիերը ձեռքերը կրծքին խաչել և նայում էր մութ խավարին։ Տիկինն զգաց, որ նա մտքով հեռու էր։ Եվ ինքն իրեն հանդիմանեց, որ ավելորդ հարցասիրությամբ պատճառ եղավ վերհիշումների։

10 Այդ րոպեին եթե Արմենիերը գլուխը շրջեր և նայեր տիկին էլոիզին, նա կտեսներ այնպիսի հայացք, այնպիսի աչքեր՝ սիրով և քնքշանքով լի, որ կմոռանար ցնորքը։ Բայց նա անշարժ նայում էր խավարին։ Թվաց թե լսեց շան խուլ հաչոց շատ հեռվից, գուցե ժմուդների այն գյուղից կամ ավելի հեռվից։

- Ինչքան միանման են հաչում շները... Կարծես թե մեր Բողարի հաչն էր։

- Ուզու՞մ եք ձեզ համար մի բան նվագեմ... Գերմանն ուշանում է։

20 Արմենիերը շրջվեց։ Նա կարծես մոռացել էր, որ օտարի տանն է, և այդ տանը մարդ կա...

- Նվագեցեք։

Երբ տիկին էլոիզը վեր կացավ և քայլեց, այնպես քաղցր խշշաց նրա զգեստը։

Հնչեց նույն վալսը... Երբեմն թվում էր, թե մութ գիշերին ստեպի վրայով անցնում է եռաձի կառքը և զրնգում են բոժոժները, երբեմն մեկը և երկուսը թավ ղողանջում են հեռվից, կարծես նավը գնում էր ծովի հեռուն և այնտեղից այդ հնչյունները հրաժեշտ էին տալիս սիրելի ափին։

30 Պատի վրա այն նկարն էր, որի ապակին իր մեջ էր հավաքել լույսի շողեր և արտացոլում էր ինչպես պատուհանից ներս ընկնող աստղալույս։ Արմենիերը նայեց նկարին և իսկույն աչքերը դարձրեց դեպի տիկին էլոիզը, որ ինքնամոռացության մեջ ետ էր թեքել գլուխը, և մոմերի լույսով ցոլանում էր նրա նուրբ պարանոցը։ Նկարը պատճենն էր այդ պատկերի... Նույն մոխրագույն գանգուրները, նույն փոքրիկ քիթը,