Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/340

Այս էջը հաստատված է

Մատիլդան զարմանքից բերանը բաց էր արել, կարծես պոստմեյստեր Աշինգերի այրին նրան հրաշք էր պատմում, ինչպես երեկոյան իր եղբայրը, որ գյուղից էր եկել, պատմում էր, թե հարևան գյուղում մի կով ծնել է ոչ թե իսկական հորթ, այլ հորթի գլուխ, միայն մի գլուխ, առանց իրանի և ոտքերի, և որ հորթի գլխին կպած է եղել պոչը, նույնպես իսկական պոչ, և հորթի գլուխը ծնվելուց հետո երեք անգամ բառաչել է ու մեռել։

Իսկ տիկին Աշինգերը պատմում էր․

10 - Պատահում էր, որ հոգնած տուն էր գալիս հանգուցյալը։ Հանում էր մի նամակ և ասում. «Մարթա, այս նամակն ուղարկել են կառապան Հանս Տրաուբեին, որի տունը ռուսների նոր աղոթատան դիմացն է... Եվ նրանք գրում են, որ հայրը մահացել է գյուղում»։ Եվ իսկապես այդպես էր, ճշմարիտ աստված։ Նա հագնում էր սև ֆրակը, հագնում էր նաև սև ձեռնոցներ, որովհետև գիտեր, որ կառապան Հանս Տրաուբեն կարդալ չգիտե և իրեն պիտի խնդրի կարդալ այդ նամակը, որից հետո բոլորը պիտի ողբային ծերունու մահը։ Եվ իմ հանգուցյալ ամուսինն առաջինն էր ասում մխիթարանքի խոսքը, 20 նույնիսկ պաստորից առաջ։ Եվ կառապան Հանս Տրաուբեն այդ օրից դառնում էր իմ ամուսնու բարեկամը և եթե նրան փողոցում հանդիպեր, նա հեռվից կանչում էր․ «Բարև ձեզ, պարոն պոստմեյստեր»,- և մինչև անգամ առաջարկում էր կառք նստել, որովհետև հոր մահվամբ Հանս Տրաուբեն Ժառանգություն ստացավ... Այդպիսի մարդ էր իմ հանգուցյալ ամուսինը։ Կամ բերում էր մի փոքր ծրար, այնքան փոքրիկ, որ կարելի էր ասել, թե տասը խոսքից ավելի չէր տեղավորի, բայց նա ցույց էր տալիս ծրարը և ժպտում․ «Մարթա, վաղը կարող ես շնորհավորել դատավորի կնոջը... Ինչպե՞ս է նրա կրտսեր 30 աղջկա անունը»։ «Ամալյա է անունը, տեր իմ․․․»։ «Այս ծրարի մեջ Ամալյայի երջանկության բանալին է... Հիշու՞մ ես այն թնդանոթաձիգ կապիտանին, որ այս ամառ գնդի տոնին ողջ-ողջ կուլ տվեց տասներեք ձուկ»։ Եվ իսկապես, նա կուլ էր տվել տասներեք կենդանի ձուկ, և ամբողջ քաղաքում խոսում էին այդ մասին։ «Ահա այս նամակով պարոն կապիտանը խնդրում է դատավորի դուստր Ամալյայի ձեռքը»։ Եվ ինչ․ մի շաբաթ