Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/343

Այս էջը հաստատված է

չունի և քույր չունի և կին չունի և մինչև անգամ խղճի ընդդեմ է, որ այդպիսի մարդը շրջի առանց կոճակի... Իսկ սենյակը ոչ մի պակասություն չունի։ Եթե Դոմբերդի գագաթին արև կա, արևն այս սենյակի մեջն է։ Իսկ այն բազմոցը, որ տեսաք, իմ ամուսնու սիրած բազմոցն էր։ Ես այս սենյակը տեղափոխեցի, թեև կոնտրակտի մեջ չի հիշատակված,- տեղափոխեցի, որպեսզի Արմենիերի օթևանը բոլորովին շքեղ լինի, ինչպես բարոնի որդու բնակարանը։ Եվ ամենևին չեմ փոշմանել, քանի որ նա արժանի է... Իսկ այն մեկը,- տանտիրուհին մատը նորից վեր բարձրացրեց,- չեմ կարող ասել, թե ինչպիսին է... 10 Ամբողջ ձեղունահարկն զբաղեցնում է տարին տասնութ ռուբլով և ինն ամիս է ոչինչ չի վճարել։ Եվ մինչև անգամ վախենում եմ նրան խոսեցնել... Իսկ Արմենիերը, չեմ կարող ասել, ինչքան բարեհոգի է։ Երբեմն այնպես է երգում, այնպիսի քաղցր ձայնով է երգում, որ պատի ետևից ես լսում եմ, լաց եմ լինում, հիշելով իմ հանգուցյալ ամուսնուն։ Իսկ թե ինչքան խելոքն է, այդ մասին էլ խոսք չկա։ Իզուր չէ, որ պարոն պրոֆեսորը բոլոր հայերից միայն նրան է ընտրել։

- Այո, իմ պարոնն ևս ասում էր, որ նա խելոք է,- ընդհատեց Մատիլդան,- ես ինքս եմ լսել նրա զրույցը 20 տիկնոջ հետ... Նա ասում է, որ եթե այսպես գնա, հերր Արմենիերը կարող է մինչև անգամ պրոֆեսոր դառնալ։

- Եվ կդառնա... Անպատճառ կդառնա։ Նա գիշերները համարյա չի քնում և շարունակ կարդում է։ Տեսա՞ք մոմը, մինչև վերջ վառված էր։ Իսկ երեկոյան դեռ բոլորովին նոր էր մոմը։

- Իսկ իմ տիրուհին ևս նրան շատ է սիրում։

- Օ՜, տիկին էլոիզը հրեշտակ է․․․ Ամեն անգամ նրան ուզում եմ այցելության գնալ և շնորհակալ լինել նրա բարեխոսության համար, բայց դեռ չեմ գնացել։

30 - Երբ տանը քաղցրավենիք է լինում կամ կարկանդակ, իմ տիրուհին ինձ հարցնում է. «Մատիլդա, պահե՞լ ես Արմենիերի բաժինը...»։

- Հապա Արմենիերն ինչպիսի գովեստով է խոսում տիկնոջ և պարոն Աուսլենդերի մասին։ Նա ասում է, որ հավիտյան չի մոռանա այդ տունը։