Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/345

Այս էջը հաստատված է

- Երբ նրան փաթաթեցի, իմ տիրուհին հարցրեց, թե, Մատիլդա, դու գիտե՞ս տիկին Աշինգերի տունը Գրունշտրասսեի վրա։ Ես պատասխանեցի՝ այն տունը չէ, որտեղ հերր Արմենիերն է ապրում... Հիշո՞ւմ եք, տիկին Աշինգեր, ձմեռը ծննդյան տոնին մի անգամ եկա և պարոնի համար կարկանդակ բերի։

- Հիշում եմ, սիրելիս, և հիշում եմ, որ համեղ կարկանդակ էր...

- Ես այդպես էլ ասացի իմ տիրուհուն։ Իսկ նա այնպես 10 մանրամասն նկարագրեց տունը, թե երկու պատուհան ունի, որ նայում են փողոցին, կարմիր աղյուսե տուն է, դարպասը կանաչ գույնի և դարպասի առաջ երկու լորենի...

- Եվ ի՜նչ լորենիներ...

- Իմ տիկինն այնպես նկարագրեց, որ առանց մոլորվելու գտա ձեր տունը և դեռ հեռվից տեսա երկու լորենին․․․

- Որ տնկել է իմ հանգուցյալ ամուսինը, Մատիլդա, իմ և նրա լորենիները, երբ մենք նորապսակներ էինք և...

Բայց արցունքը նրան խանգարեց և պոստմեյստերի այրին գոգնոցով սրբեց արցունքը։

20 - Իմ տիրուհին ասաց․ «Մատիլդա, գնա Արմենիերի առողջությունը հարցրու, նաև ողջունիր տիկին Աշինգերին և իսկույն վերադարձիր»։ Նա ասաց, որ վատ երազ է տեսել և սիրտն անհանգիստ է։

- Բայց ո՞ւր է Արմենիերը,- զարմացած հարցրեց տանտիրուհին և կարծես միայն այդ վայրկյանին նա հասկացավ, որ տիկին էլոիզն աղախնին ուղարկել էր Արմենիերի մասին տեղեկանալու։

- Ո՞ւր կարող է լինել,- և նորից բացեց դուռը, երկուսով ներս մտան, կարծես ենթադրում էին, որ Արմենիերը կարող էր 30 սենյակում լինել և կամ աննկատ ներս մտնել այն ժամանակ, երբ պատշգամբի վրա այրի Աշինգերը Մատիլդային պատմում էր հանգուցյալ պոստմեյստերի մասին։

- Ուրեմն նա հագել է կապույտ սյուրտուկը... նաև գրատը չկա։ Իսկ այդ սյուրտուկը դեռ թաց է․․․

Մատիլդան հետաքրքրությամբ նայում էր պատից կախված նկարին։