Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/346

Այս էջը հաստատված է

- Այդ նրանց գլխավոր տաճարն է․․․ Ինքը Հիսուսը գիշերով իջել է երկնքից, մուրճով խփել է գետնին և ասել է․ «Այստեղ կառուցել մի տաճար․․․»։ Եվ այդտեղ էլ կառուցել են։ Իսկ այն սարը, որ հեռվում երևում է, Մատիլդա, սուրբ սար է․․. Դա Արարատն է․․. Որտեղ Նոյի տապանն է իջել, իսկ այժմ այնտեղ հերր պրոֆեսորը ցցել է մի խաչ, որ ինքս տեսել եմ, որովհետև այդ խաչը պատրաստել է Իոհան Ցիգլերը, իսկ նրա կինն իմ հանգուցյալ ամուսնու հորեղբոր աղջիկն է...

10 Մատիլդան նայում էր այնպիսի սնահավատ երկյուղով, կարծես այդ նկարն էլ սուրբ էր, և նա տատանվում էր խաչակնքե՞լ, թե՞ համբուրել։

Բայց այդ ժամանակ ձեղունահարկից լսվեցին ինչ-որ ձայներ։ Տիկին Աշինգերը ձեռքը զարկեց ազդրին։

- Ա՜յ․․․ Արմենիերը այնտեղ է։ Այդպես էլ է, Մատիլդա․․․ երևի ես մառանումն եմ եղել, որ նա բարձրացել է վերև։ Մատիլդա,- և նա ձայնը մեղմեց, կարծես վախենում էր վերևից լսեին,- ինձ դուր չի գալիս նրանց բարեկամությունը․․․ Իհարկե, ինձ անհարմար է Արմենիերին զգուշացնել, 20 բայց դու ասա տիկին էլոիզին, ասա իմ անունից, և թող Արմենիերն այլևս նրա հետ,- տանտիրուհին ցույց տվեց ձեղունահարկի կողմը,- բարեկամ չլինի․․․ Այ, տեսնում ես,- և ձեռքը մեկնեց դեպի տրորված անկողինը,- վերևի կենվորի շնորհքն է։ Իսկ մինչև այդ, Արմենիերն այսպիսի բան չէր անում․․․ Բոլորը նա է սովորեցնում։ Ինն ամիս է վարձը չի վճարել և դեռ ճանապարհից հանում է ազնիվ երիտասարդին։

Տիկին Աշինգերն սկսեց հարդարել անկողինը։ Նա Մատիլդային խնդրեց բարձրանալ ձեղունահարկը, ուր հավանորեն պետք է լիներ Արմենիերը։

30 - Ես այնտեղ ոտք չեմ դնի, մինչև հարգելի պարոնը չվճարի իր պարտքը․․․ Կտուրն էլ կաթի, ես դարձյալ չեմ բարձրանա։

Մատիլդան փայտե սանդուղքով վեր ելավ։

Դեռ սանդուղքի վրա լսեց, որ մեկը կարծես գոռգոռում էր։ Երբ մոտեցավ դռնակին, Մատիլդային թվաց, թե ներսը խոսում են անծանոթ լեզվով։ Նա դուռը բախեց։