Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/347

Այս էջը հաստատված է

- Դուռը բաց է,- նորից դղրդաց մի ձայն։

Աղջիկը ներս մտավ։ Ծխի մեջ նա տեսավ մի վիթխարի մարդ, որի գլուխը հասնում էր առաստաղին։ Նա առանց շապիկի էր, և նրա մերկ կրծքի վրա ինչ-որ սև գծեր կային։ Մարդը ձեռքին բռնել էր երկար սուսեր։ Նկատելով աղջկան, նա թիկնոցով իսկույն ծածկեց մարմինը և երկու քայլ արեց դեպի աղջիկը։ Բայց այդ վայրկյանին Մատիլդան անկյունում նշմարեց ուրվականի պես զարհուրելի մի բան, որ գլխին ուսանողի գդակ ուներ և ատամներով բռնել էր այրվող 10 ծխամորճը։

Մատիլդան սարսափից ճչաց, փակեց դուռը և իրեն, նետեց պատշգամբ։

Տիկին Աշինգերը դուրս վազեց սենյակից։ Պատշգամբ բարձրացավ նաև կողովագործը, որ բակում կիտել էր կողովները և այդ րոպեին ուզում էր դարպասը բաց անել կողովները շալակով տանելու համար։ Նա առաջինը նկատեց աղջկա վայր իջնելը, բայց մինչև բարձրանար, տիկին Աշինգերն արդեն գրկել էր ուշագնաց Մատիլդային։

- Ջուր, մի գավաթ ջուր,- կանչեց տանտիրուհին։

20 Կողովագործը ջուր բերեց։

Տանտիրուհու կանչին դուրս վազեց նաև կողովագործի կինը, նրա հետևից երկու երեխան։ Նրանք բոլորը բարձրացան պատշգամբ։

Մատիլդան ուշքի եկավ։

- Այնտեղ... Կտուրի տակ սատանա կա... Նա ծխում էր ծխամորճը, իսկ մի ուրիշը թուրը ձեռքին պահապան էր կանգնել։

- Հիսուս Քրիստոս,- և տիկին Աշինգերն ահից այլևս ոչինչ չասաց։ Կողովագործի կինը գիրկն առավ փոքրին։ Բոլոր 30 կանայք լուռ նայեցին միակ տղամարդուն կողովագործին, որը նույնպես լուռ էր։

Ձեղունահարկի բնակիչը, որից այնքան գանգատվում էր տանտիրուհին, Օտտոկար Դրիշն էր, մեկը այն առաքինի ուսանողներից, որոնք մեղրագինին խմում էին ձիու պես, բռնցքակռվի մեջ առյուծ էին, զվարճանում էին ինչպես ազատ թռչուն, բայց և գիտեին եզի նման չարքաշ աշխատել։