Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/349

Այս էջը հաստատված է

Եվ իջավ բակը՝ դարպասը բաց անելու։

- Ի՞նչ է պատահել,- Օտտոկարը սիրալիր նայեց Մատիլդային, զգալով, որ դուռն այդ աղջիկը բացեց։ Մատիլդան հարդարեց մազերը և գոգնոցը, նույնիսկ թեթև շիկնեց։ Նա աչքերը գետին խոնարհեց։ Այնքան անմեղություն կար նրա դեմքին, որ Օտտոկարը խղճահարվեց։

- Ձեզ երևի վախեցրեց կմախքը և իմ անհամեստ տեսքը։ ներեցեք ինձ...

Մատիլդան թաքցրեց ժպիտը։ Տիկին Աշինգերը ակնհայտ 10 դժգոհ էր այդպիսի վախճանից։ Նա սպասում էր, որ Մատիլդան նախահարձակ լինի, ապա կխառնվի կողովագործի կինը և ապա ինքը մի անգամից կթափի կուտակված մաղձը։

Բայց այդպես չեղավ։ Մատիլդան ամոթխած ասաց․

- Ես բարձրացա տեղեկանալու Արմենիերի մասին և հանկարծ... Աստված իմ։

Այդ ժամանակ դարպասով ներս մտավ մահուդավաճառի կինը, նրա ետևից վարսավիրի կինը, ապա մի կին, որի ամուսինը ոչ մահուդավաճառ էր և ոչ վարսավիր, այլ վաղուց խեղդվել էր ջրում, նաև չորրորդը, որ կին չէր, այլ ձկնորս էր 20 և ապա հինգերորդը՝ ընկնավոր Վասիլիսան, և երբ վեցերորդը երևաց, որը հայտնի չէ, թե ինչու ներս մտավ ճիլոպը գլխին գցած, կողովագործի կինը իսկույն նկատեց բացակայումը իր երկրորդ տղայի և հասկացավ, որ նա էր փողոցում հրդեհ գցել։ Կինը դուրս գնաց, գնաց և Մատիլդան, պատշգամբի վրա թողնելով տիկին Աշինգերին, որը հետզհետե բորբոքվելով հանկարծ ժայթքեց։

Օտտոկարը մի պահ նայեց բազմության, ապա վեր բարձրացավ և քիչ հետո վերևից կախվեց կմախքը, գանգի վրա կանաչ բերետը, ծնոտների մեջ՝ ծխամորճը և ձեռքին պիստոլետ։ 30 Կանայք վախից ճչացին և դարձրին երեսները, իսկ որոնք երիտասարդ էին, գոգնոցները քաշեցին դեմքներին և այդպես փախան։ Միայն ձկնորսը, որ կին չէր, այլ պառավ տղամարդ, ծխամորճը բերանից հանեց և թքեց։

Ֆրաու Ֆոգելզանգի պանդոկում այդ ձկնորսը հետո պատմում էր, որ իբր թե կմախքից կախված է եղել նաև հոլլանդական