Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/351

Այս էջը հաստատված է

նրան։ Բնության այդ խորշը նրան հարազատ թվաց. կարծես այդտեղ եղել էր նաև ուրիշ անգամ, շատ վաղուց, այն տարիները, երբ հորթարածի հետ հանդ էր գնում, հորթերը հանգստանում էին գետի հովում, մտնում էին զով քարայրները և կամ ջրի մեջ կանգնած ննջում էին։ Իսկ հորթարածները հավաքվում էին ուռիների տակ կամ Եղնախաչի ստվերում, և հասակավոր հորթարածը պատմում էր, թե իբրև շատ առաջ եղել է մի որսորդ, և ամբողջ ձորերը և բլուրները խիտ անտառ են եղել... Իբրև թե որսորդը հալածում է եղնիկներին, որոնք երբ հասնում 10 էին այդ տեղը, իսկույն աներևութանում էին։ Այն ժամանակ որսորդը գլխի է ընկնում, որ այդ հողը սուրբ է, այլևս որս չի անում, այլ դառնում է ճգնավոր և կառուցում է Եղնախաչի մատուռը... Այնտեղ էլ ավերակի մեջ բուսել էր մի սալորենի, որ արդեն ցցաչոր էր, և ճյուղերին կապել էին գունավոր թելեր՝ չար աչքի դեմ... Նրան նույնիսկ թվաց, որ այս ավերակի ներսը բեմ կա, բեմի վրա՝ կարմիր խաչքար։ Պատերի ճեղքերում պետք է լինեին հողե ճրագներ՝ առանց ձեթի, և պատերը պետք է սևացած լինեին վառած մոմերից։

Արևը հետզհետե բարձրացավ։ Գիշերվա անձրևից թաց 20 ավազահողը տաքանալով գույնը փոխեց։ Միայն երբեմն ծառերից վայր էին ընկնում անձրևաջրի կաթիլները։ Հեռու երևում էր Դորպատը... Ահա համալսարանի սպիտակ սյուները, սուրբ Իոհանի տաճարը, աշտարակը Սիգիզմունդ Վազայի և Քարե կամուրջի աղեղը։ Նավակներն իբրև սև կետեր անկարգ լողում էին գետի վրա։ Քամին քաղաքի կողմից երբեմն բերում էր այնպիսի խուլ աղմուկ, որ չէր լինում ջոկել ոչ մի ձայն։ Նա գտավ նաև Գրունշտրասսեն...

Տիկին Աշինգերի լորենիները միացել և երևում էին, ինչպես մի սև թուփ։ Գուցե հենց այդ վայրկյանին տիկին Աշինգերը 30 Մատիլդային պատմում էր լորենիների և իր հանգուցյալ ամուսնու մասին։

Նա նստեց քարի վրա։ Մի գորշ խլեզ քարի վրայով բարձրացավ վեր՝ արևի տակ տաքանալու։ Դուրս սողաց նաև մի ուրիշը և կանգ առավ առաջինի կողքին։ Ավերակի մեռած քարերը կարծես կենդանացան։ Նա մի քանի րոպե նայեց խլեզներին, որոնց փորի տակը բաբախում էր։