Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/352

Այս էջը հաստատված է

Քամուց ծառերն օրորվեցին, և անձրևաջրի կաթիլները վայր ընկան... Նա ետ նայեց. կարծես ծառերի մեջ մեկը ման էր գալիս, խշշացնելով խոտերը։ Այդպես էր նաև գիշերը, երբ դուրսը վարար անձրև էր, իսկ տիկին էլոիզը փոքրիկ աղջկա նման գլուխը դրել էր նրա ծնկներին և ննջում էր։ «Մի գնա, դեռ մի գնա»,- կարծես երազի մեջ աղերսում էր նա։ Իսկ ինքը հարթում էր նրա ժապավենի կարմիր փնջերը, որ այլևս նման չէին բացված վարդերի, այլ հիշեցնում էին անձրևածեծ և հողմից քրքրված կակաչներ։ «Դու նորի՞ց կգաս... Դու ինձ չե՞ս 10 անիծի, իմ սիրելի երեխա»,- և գրկում էր նրա պարանոցը, նորից էր համբուրում, ապա սեղմվում էր նրան, կարծես սենյակում ցուրտ էր, տիկին էլոիզը մրսում էր։ Իսկ ինքը լուռ էր... Թվում էր թե հաշմ է, ընդարմացել է և ոչինչ, ոչինչ չի հիշում։

Այդ ամենն այնպես անակնկալ եղավ... Մոմերը վառվում էին. սեղանի վրա իր տետրակներն էին և քարե տախտակը։ Նկարն արտացոլում էր կապույտ աստղալույս... Ահա կգա պրոֆեսոր Գերմանը, ուրախ ձայնով կողջունի Արմենիերին, կհամբուրի տիկին էլոիզի ճակատը, բաց կանի նրա տետրը և կբացականչի. «Ինքը Էվկլիդեսը այսպես չէր նկարի։ Բայց 20 և այնպես այս եռանկյունին մի քիչ ծուռ է, այնպես չէ, իսկ այս գիծը ավելորդ է, հավատացնում եմ, որ առանց այս գծի էլ կարելի էր ապացուցել, որ ճշմարիտ էր ծերունի Պյութագորոսը...»։ Սակայն պրոֆեսորն ուշանում էր, և Մատիլդան չկար։ «Լա՞վ է ինձ հետ»,- և տիկին էլոիզը այնպես էր նայում, որ Արմենիերը պատասխանում էր այնպիսի հայացքով, որ երկուսն էլ հասկանում էին, թե այդպես շատ լավ է, և այդպես կարելի է ապրել նույնիսկ եղեգնյա վրանի տակ, մի հեռավոր լճակի ափին, որտեղ ուրիշ ոչ ոք չկա և աշխարհում ոչ ոք չկա, այլ միայն ծառեր կան, որ աղմկում են, որպեսզի 30 քաղցր լինի շշնջալը և քամին շաչում է, որ ցուրտ լինի, և ջերմությունը մնա միայն նրանց գրկի մեջ և իրար գրկած լսեն, թե ինչպես ջրորդանի մեջ երգում է անձրևը։

Պատուհանը ծեծեցին։ Տիկին էլոիզը վեր թռավ։ Արմենիերը դուռը բացեց։ Նախասենյակի կիսամութի մեջ նա նշմարեց Մատիլդային, որ հևիհև ներս մտավ։