Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/354

Այս էջը հաստատված է

տարված դեռևս չի զգում, թե ինչ է փշրել, և թե որքան նվիրական էր այդ անոթը մոր համար։ Բայց ահա զգաց, նկատելով բեկորները... Զգաց և խաղը վերջացնելով՝ ուզում է իրար միացնել բեկորները, բայց մատները դողդողում են, և չեն միանում բեկորները...

- Մատիլդա, կրակ արա... Ցուրտ է,- տիկին էլոիզը շալը փաթաթեց ուսերին։ Շալը ծածկեց ժապավենի կարմիր փնջերը և ուլունքի շարը։

Արմենիերը հավաքեց տետրերը և քարե տախտակը։

10 - Դուք արդեն գնո՞ւմ եք,- և տիկինը նրան նայեց համր աղերսանքով։

- Ուշ է։

- Սպասեիք մինչև անձրևը դադարեր։

- Տաք անձրև է,- և նա տրորեց գլխարկի եզրը,- կարո՞ղ եմ խնդրել այս գիրքը...

Երբ Մատիլդան մոմը բռնած բաց արեց դուռը, քամու ալիքը ներս խուժեց, և անձրևի կաթիլները թրջեցին տիկին էլոիզի դեմքը։ Մոմի լույսով նա խավարի մեջ միայն մի ակնթարթ տեսավ Արմենիերի սիլուետը, և այլևս ոչինչ չերևաց։

20 ...Գիշերը չէր քնել և ընթերցել էր «Վերթերը»... Նրա գրգռված երևակայության մեջ իրականը և այդ գիրքը, և հիշողությունները խառնվել էին։ Երբեմն աչքին երևում էր տիկին էլոիզը, երբեմն այդ գրքի կինը՝ Շարլոտան, նրան պատկերանում էր տեսիլքի նման, ինչպես այն կինը, որ ձյունափոշու մեջ ձեռքով արեց և սահնակով սլացավ։

Երբ ծառերն աղմկում էին, նրանց կատարներն իրարից հեռանալով բաց էին անում երկնքի կապույտ շերտը։ Արտևանունքների միջից նա վեր էր նայում, և թվում էր, թե ծառերի բարձր ճյուղերը ճոճվում են ջինջ կապույտի մեջ։ Խոտերը 30 սվսվում էին։ Խշխշան շորերով մի կին ման էր գալիս ծառերի արանքում, և երբ հանդարտվում էր քամին, այդ կինը թաքնվում էր մթին ավերակում։ Երբեմն պատահածը նրան երազ էր թվում, մեկը այն շողշողուն երազներից, որոնցով նա զարդարել էր իր աղքատ պատանեկությունը։ Եվ միտն էր գալիս Հաղպատի վանքը, ժամերգությունն ուխտի օրերին...