Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/355

Այս էջը հաստատված է

Նիհար, դեղնած երեսով մի պատանի դպիր, որի ուրարը փաթաթվում է ոտքերին, նիհար դպիրը խնկարկում է ուխտավորներին։ Բուրվառից թռնում են ածուխի կայծեր, և խունկի ծուխի հետ բարձրանում է բորբոսնահոտ, որից գլուխը պտտվում է։ Ծոմ է, և ոտքերը քաղցից դողում են... Արդեն երեք անգամ խնկարկել է սրբոց պատկերներին և խորանին և քարե ավազանին, խոնարհելով խնկարկել է նաև եկեղեցական դասում՝ Անտոն եպիսկոպոսին, որ փափուկ բարձերի վրա չոքած ննջում էր, խուլ Հովհաննես վարդապետին, որ խոժոռ 10 է նայում երիտասարդ դպրին և փնթփնթում է, որ դպիրը չի թեժացրել կրակը, և կայծերը ճայթում են, գրավելով ուխտավորների և ժամասացների ուշադրությունը՝ ահա արդեն խնկարկել է նաև աշխարհական դասում Լոռվա մելիք Փարսադանին, որ չուխայի թևերը վեր քշտած ձեռքերը կոխել է արծաթակուռ գոտու մեջ, գոտի, որ ահագին ծանրություն ունի և որի մեջտեղից բարակ շղթաներով կախված են ոսկեզօծ գնդեր։ Նա արդեն խնկարկել է մյուս տղամարդկանց, որոնց բրդոտ փափախները և բռի արտաքինը կիսախավարի մեջ հիշեցնում են քարափի ցից քարերը, նաև ինչ-որ կոճղեր և ցցաչորի, 20 երբ անտառում աղջամուղջ է։ Նա քաղց է զգում, գլուխը պտտվում է։ Վերջին բուրվառն է բարձրացնում դեպի վերնատան տախտակամածը, որտեղ շար են ընկել կանայք։ Վանքի նեղ լուսամուտից հանկարծ ներս է ընկնում արևի շողը։ Խունկի ծուխը ոլորվում է շողի վրայով։ Արևի շողով ցոլանում է այն լոռեցի աղջկա երեսը։ Նա գլուխը փաթաթել է ծաղկավոր աղլուխով և վերնատան մահաջառի մոտ կանգնած նայում է երիտասարդ դպրին։ Բուրվառի ծուխը շղարշում է նրա գալար մարմինը. աղջիկը կարմրում և ցած է խոնարհում աչքերը, զգալով, որ իրեն երկար է նայում դպիրը:

30 Այդ աղջիկը երկու անգամ էլ ուխտ եկավ Հաղպատ և այլևս չերևաց։ Հետո, Համբարձման տոնին, երբ ուխտավորներն աղբյուրի մոտ քեֆ էին անում, իսկ հարս ու աղջիկ ընկուզենու ճյուղից կախել էին ճոճքը և զվարթ կանչերով ճոճվում էին անդունդի վրա, նա տեսավ մի նորահարսի, որի լաջվարդ զգեստը փռփռում էր քամուց, ընկուզենու ճյուղը ճռռում էր, երբ հարսը թափով բարձրանում էր ընկուզենուց էլ վեր և