Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/363

Այս էջը հաստատված է

նա ժպտում էր, ինչպես հիվանդ երեխան, որին մայրը մոտեցրել է պատուհանին, և պատուհանից նա նայում է իր ընկերներին, որոնք բակի մեջ խաղում են շան լակոտի հետ։ «...ճշմարիտ որ հալվում է... Եվ շուտով կհանգչի նրա ճրագը․..»։

Նա մի ինչ-որ նմանություն տեսավ այդ աղջկա և Եղսան հոքիրի Մայրանի միջև. երկուսն էլ վտիտ էին, համարյա հասակակից, երկուսն էլ պատառոտված շորերով և ոտաբոբիկ։ Մայրանի հյուսերը սև էին, իսկ Մարֆուշան ուներ մուգ դեղին մազեր։ Բայց երկուսի աչքերը նույնն էին արտահայտում։ Կարծես 10 այդ մանուկներն իրենց կյանքում տեսել էին մի ահավոր սարսափ, որ նրանց մինչև մահ պիտի հալածեր։

Արմենիերը երեսը շրջեց։ Գետը հետզհետե հանգստացրեց նրան... Այլևս չէին լսվում կռունկների կանչերը։ Միայն երբեմն մանր կոհակները գետի միջից երամ-երամ վազում էին դեպի ափերը և երբ ընկնում էին ավազի վրա, ավազը խուլ զնգում էր։

- Իսկ նա ուզում էր մեզ ազատություն տալ,- ինքն իրեն խոսելով մտածում էր նավավարը.- և կտար, բայց մեր թագավորը չթողեց, և պրուսացին չթողեց, և անգլիացին չթողեց... 20 Այսպես էլ մնացինք, պարոն...

- Ինձ ինչո՞ւ պարոն ես ասում,- սրտնեղեց Արմենիերը։

- Ինչո՞ւ,- նավավարը դառն ժպտաց,- որովհետև այդպես է... Ամեն բանից երևում է, որ պարոնը ես չեմ։

- Ես գյուղացու որդի եմ։

- Կարող է... Այժմ ասում են այնպիսի պարոններ են դուրս եկել, որոնք ժողովրդի հետ են։ Այ հենց նրանք, որոնք Պետերբուրգում կրակեցին թագավորի վրա։ Իսկ Վարշավայում նույնը չի ... Դպրոցի աշակերտները և պարոն ուսանողներն 30 առաջինն են հարձակվել բերդի վրա։ Իսկ Վարշավայի բերդը, կարող եմ ասել, որ բերդ է, և ոչ թե հողե ֆորտեցիա... Իսկ ժողովուրդը տեսել է, որ պարոններն իրենց հետ են, ուրեմն՝ տվեք գեներալներին... Դեռ երկար կքաշի այս պատերազմը... Եվ ո՞վ է իմանում, գուցե մի բան լինի։

- Ի՞նչ ես սպասում, որ լինի։ նավավարը շեշտակի նայեց Արմենիերին։