Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/364

Այս էջը հաստատված է

- Պարոն... Եվ կամ եթե այդ ձեզ հաճելի չէ՝ եղբայր, սիրելի եղբայր, այստեղ ես եմ և դու ես, վերև Աստված է լսում, ներքև միայն այս խեղճ երեխան։ Եվ ուրիշ ոչ ոք չի լսում մեզ,- նա կռացավ դեպի Արմենիերը,- ինչի՞ է սպասում աղքատ գյուղացին։ Աղքատ գյուղացին սպասում է մի կտոր հողի և ազատության։ Եվ ուրիշ ոչինչ չի սպասում։ Եթե նա հաղթեր, մեզ կտար և՛ հող, և՛ ազատություն։

- Ո՞վ կտար։

- Կատակ եք անում, պարոն եղբայր... Դուք ինձնից լավ 10 գիտեք, թե ով կտար։

- Պատվովս եմ երդվում, որ չգիտեմ։ Եվ որտեղի՞ց պետք է իմանայի։ Ութերորդ ամիսն է այս երկրումն եմ և ուսանում եմ միայն գիտություններ։ Իսկ այդպիսի բանի տեղյակ չեմ...

- Եվ տեղյակ չեք լինի, ձեր գրքերում չեք գտնի իմ ասածը։ Իսկ ով գիրք չի կարդում, այլ ժողովրդի մեջ է, նա գիտի, թե ով կտար հող և ազատություն,- և կարճատև լռությունից հետո շարունակեց.- ֆրանսիացին կտար, ինքը Նապոլեոնը կտար... Ստոչեկում, որտեղ մեր գունդը ձմեռել էր, կար մի գերի ֆրանսիացի։ Նրա մի ոտքը ցուրտը տարել էր, և նա մեր 20 գնդի խոհանոցում սպասավոր էր։ Իսկ անունը Միշել էր, Միշկա, եթե մեր լեզվով ասենք... Մի գիշեր ես պահակատեղից վերադարձա խոհանոց, որ տաքանամ։ Տեսնեմ Միշկան կրակի առաջ նստել ծխում է։ Ծխում է և միտք է անում։ Իսկ թե ի՞նչ է միտք անում, հայտնի բան է, թե ինչ միտք կանի գերի զինվորը, որը չգիտե, թե ինչպես են տունը, երեխաները, արդյոք մեռե՞լ են, թե՞ դեռ հիշում են... Վերջապես։ Իրար ողջունեցինք, և ես էլ սկսեցի ծխել: Խոհանոցում մեզնից բացի ոչ ոք չկար, այ ինչպես հիմա... Եվ այսպես էլ դիմաց-դիմաց նստած էինք։ Ի՞նչ ասաց Միշկան։ Նա հառաչեց և ասաց. «է, Վասիլիյ (այդպես 30 են կոչում ինձ), հիմարացաք, դուք շատ հիմարացաք։ Ախր արդեն դրված պատրաստ էր մանիֆեստը։ Եվ նա պետք է ինքը կարդար Կրեմլի հրապարակում։ Իսկ դուք լսեցիք Կուտուզովին և թագավորին լսեցիք։ Գոնե սպասեիք մի տարի, ազատություն ստանայիք և հող ստանայիք և ապա մեզ խռկեիք»... Միշելն էլ այսպես ասաց, և այս իսկական ճշմարտություն է, որ ոչ մի գրքում չի գրված։