Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/368

Այս էջը հաստատված է

ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ

Դեմը դաշտն էր անծայր, իսկ հեռվում-Մասիսը,

Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր
Բարձրացել էր ինքը և սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել։

Ե․ Չարն

1

Ընթրիքից հետո պրոֆեսորը երիտասարդին դիմելով, ասաց.

- Այժմ անցնենք մեր գործին, սիրելի դիակոնուս․․․

Նրանք քաշվեցին պրոֆեսորի առանձնարանը։ «Գործը» -ծխելն էր և այն զվարճալի զրույցը, որ ծխելու հետ սկսում էր պրոֆեսոր Պարրոտը։ Բայց այս անգամ նա սենյակի դուռը ամուր փակեց և երբ ընկղմվեց վոլտերյան բազկաթոռի մեջ, չասաց, ինչպես միշտ․ «Ծուխ է և ունայնություն աշխարհը, Սաադի,- եթե քեզ ճիշտ է թարգմանել իմ Liebling-ը»։ Նա վառեց պարսկական կեռասյա կոթով ծխամորճը։ Մոմը լուսավորում էր նրա դեմքի կեսը, և երբ կապույտ ծուխը բարձրանում էր այդ լուսավոր կողմով, թվում էր, թե շարժվում էին նրա գանգուրները՝ ծխագույն և ծխի նման ոլորուն։

Երիտասարդը նստել էր մոմակալի մոտ, ձեռքին՝ ունելին, որ այն ժամանակ անբաժան էր մոմի ճրագից, որովհետև նրանով էին սարքում ճրագի պատրույգը։ Երբեմն ծխի միջից երիտասարդին էր նայում մի զննող աչք։ Դիակոնուսը հիշեց, որ այդ երեկո պրոֆեսորը տուն եկավ մտազբաղ և մռայլ։ Նա ամբողջ օրը եղել էր Դոմբերգի գագաթին՝ նոր