Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/37

Այս էջը հաստատված է

Մռայլ էր և Անթանոսյանը։ Եվ երբ ճամփի եզրին կապույտ քարը ցույց տվեց ու ասաց թե՝

- Այստեղ թաղված է Խենթի սիրած աղջիկ Լալան,- Անթանոսյանն իր դերը պահ մի վերջացած համարեց, որովհետև մտքերը մի ուրիշ հողաբլրի շուրջ ցատկոտեցին, կապույտ քարից ոչ հեռու, որի տակ թաղված էին մայրն ու կինը, իր՝ Անթանոսյան Հմայակի, վեցերորդ կամավորական գնդի զինվոր Անթանոսյանի հարազատ մայրն ու կինը։

Խոյերի տարի էր, թեկուզ հույսի բոլոր դռները կրնկահան 10 էին, և ուղտերի քարավանը խոստումներով բարձած Վանա երկերի ճանապարհն էր բռնել։ Մի բան ճմլտկաց նրա սրտում։ Մոխիրների տակ մոռացված մի կայծ էլ պսպղաց։ Ունեցե՞լ է կին... Ինչո՞ւ է մոռացվում դեմքը, և ինչ ծա՜նր է, երբ մարդու հիշողության առաջ մեռած մի հարազատ կանգնում է անիմաստ ժպիտն երեսին։ Չգիտես հանդիմանո՞ւմ է, թե՞ շոյում։

Թեև շոգ կեսօր էր, պլպլում էր արևը, բայց Անթանոսյանը սառնություն զգաց, կուչ եկավ։ Երբ հրդեհում են երիտասարդ օրերը, առատաձեռն ու սրտաբաց ցրիվ տալիս, հանկարծ, մի վայրկյան միայն, երիտասարդ օրերի տերը իրեն 20 հարց է տալիս.

- Վաղն էլ, մյուս օրն էլ, և ապա առաջին ճերմակ մազը...

Սակայն այդ տևում է միայն մի վայրկյան, որովհետև հաջորդ վայրկյանին երիտասարդը դառնում է նույն հրձիգը։

Այդպես մտածեց Անթանոսյանը։

- Անցա՞վ ամեն ինչ․․․ Ու՞ր են կրակները։

Սակայն նորից սիրտը թունդ առավ․․․ Հովնաթան Մարչի առողջ պարանոցից, լայն թիկունքից, վճռական քայլերից։

- Ահա՛ մարգարեն։ Ու ծովը պիտի ճեղքի, պիտի գան փղշտացիք, եթովպացիք, կեսարացիք, ուռհայեցիք, բոլորը, բոլորը, և երկիրը պիտի դառնա մրգաշատ պարտեզ, աղբյուրները 30 պիտի ծորան մեղր ու կաթ։

- ճաշի ժամանակ չէ՞, հայրենակից,- դարձավ Մարչն Անթանոսյանին։ Տեր Հուսիկն այնպիսի ցատկումով մոտեցավ նրան, որ ուզում էր ասել․

- Ի՛նձ հարցրու․..