Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/373

Այս էջը հաստատված է

Նա մի կողմ հրեց այդ բոլորը և սնդուկից հանեց սև ղեյթանով կապած թղթերը: Քանդեց ղեյթանը, և աչքին ընկան զմուռսով կնքած ծրարները, մի դեղնած թուղթ, որի վրա հազիվ ընթերցվում էին կխտորի թանաքով գրած առաջին ընդօրինակումը Մաշտոցից։ Կար և սպիտակ թերթ, որի եզերքը ծաղկագրել էր վանքի դիվանատան ծաղկարարը։ Թղթերի այդ կապոցից նա վերցրեց մի տետր և մոտեցավ սեղանին։

Այդ տետրի մեջ էին նրա ճանապարհորդական տպավորությունները, գրված թարմ հետքերով․.. Նա ագահությաբ սկսեց կարդալ... Յուրաքանչյուր տողը, նույնիսկ ջնջված 10 բառերը նրա հիշողության մեջ արթնացնում էին ամբողջ ուղևորությունը՝ Մսրա դռներից մինչև լեռան գագաթը...

«Ծխայր, խաղայր հորձանուտն Արաքս... Որդն կարմիր, ըստ տաճկաց հնչմանն՝ ղրրմըզ»։ Դիտում էին Արաքսի կոհակները, երբ Շիմանը նրանց կանչեց։ Նրանք տեսան նախիրը, որ գալիս էր, և բոլորի կճղակները, մռութները, նույնիսկ մի քանիսի կուրծը, և փորի տակ ներկված էին կարմիր, ալ կարմիր. կարծես կովերն անցել էին արյան լճերով։ Թուրք նախրապանը հասկացրեց օտարականներին, որ նախիրն անցել է սեզ խոտերի միջով, որոնց վրա վխտում 20 են կարմիր որդերը։ Նրանք գնացին նախրապանի ցույց տված կողմը և տեսան որդերով ներկված դաշտը, կարծես իրարից հեռու մորթել էին մատաղացու եզներ և արյունը շաղ տվել խոտերի վրա։ Բեհագել ֆոն Ադլերսքրոնը, որ հավաքում է զանազան տեսակի խոտեր, զեռուններ և քարեր, մի փոքրիկ սրվակ լցրեց այդ որդերով, իսկ Արմենիերն ասաց, որ երբ վերադառնան, նա վանքում ցույց կտա մի ծերունու, որն այդ որդերից պատրաստում էր ոսկեգույն կարմիր։

- Այս երիտասարդը մեզ շատ օգտակար պիտի լինի,- գերմաներեն ասաց պրոֆեսորը։ Իսկ ինքն ամաչեց, ենթադրելով, 30 որ նրանց ձանձրացնում է իր անտեղի զրույցով․ «հեծեծմունք և ահ․ սիրտ իմ ահէ մաշեր․․․»։

Արևն արշավում էր դեպի մուտքը, երբ նրանք մոտեցան Սուրբ Հակոբի վանքին:

Եվ նրա մտքի առաջ հառնեց խոժոռ վանահայրը՝ բիրտ, ինչպես շրջապատի ապառաժները, քրձազգեստ և բոկոտն,