Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/374

Այս էջը հաստատված է

կոշտ մազերով, որ դուրս էին ցցվել մինչև իսկ ականջներից։ Միրուքի սև մազերի միջից երևում էր ահագին բերանը։ Վանահայրը մի կիսավայրենի մարդ էր, որին աքսորել էին այդ հեռավոր մենաստանը, և էջմիածնում վաղուց էին մոռացել նրա գոյության մասին։ Այդ մենակյաց մարդը զարհուրեց, երբ այդքան բազմություն տեսավ և նրանց մեջ՝ օտարոտի արտաքինով գերմանացիներին։ Նա իսկույն փակեց վանքի դարբասը և ներսից ինչ-որ բան գոռաց։ Շները, որոնք իրենց կյանքում ավելի հաճախ գազանների էին 10 տեսել, քան մարդկանց, վանահոր մռնչոցի վրա այնպես գազազեցին, որ քիչ էր մնում վանքի պարիսպներից թռնեին ցած և նրանց բզկտեին։ Այն ժամանակ դարպասին մոտեցավ հայ դպիրը․ նա խնդրեց, սպառնաց, ապա նորից խնդրեց, մինչև վանահայրը բաց արեց դարպասը, շներին նախօրոք փակելով գոմի մեջ։ Բայց և այնպես այդ մենակյաց վանականը հրաժարվեց օրհնել այն խաչը, որ «անհավատներն» իրենց հետ տանում էին դեպի գագաթ։

«Սեպտ․ 27-Հայելի լեռան շողա ի թևս մարմանդաբեր Զեփյուռոսի․․․»։

20 Նրանք ծվարել էին Քիփգյոլից բարձր, ժայռերի խորշում։

Երրորդ վերելքն էր։ Ետ էին դարձել նրանք, որոնք սարսափել էին՝ շնչելով Արարատի ցուրտ մառախուղը և տեսնելով խորանդունդ վիհերը, քարանձավները, որտեղ երբեք չէր թափանցել արևի շողը։ Սահակ՝ Ակուռի գյուղացիներից մեկը, չէր վախենում ոչ ցրտից, ոչ սառցակույտից։ Նա սարսափում էր լեռան կատարից։ Նրան թվում էր, որ մարդ արարածը չի կարող ոտք դնել այնտեղ. կամ կայծակը կզարկի, կամ գետինը մի ահավոր զորությամբ կչորացնի այդ ոտքը, կամ հանկարծ քարափը կճեղքվի և մեղավոր մարդը կընկնի գեհեն։

30 Քիփգյոլից բարձր, ժայռերի խորշում վառվում էր նրանց խարույկը, առաջին կրակը, որ լեռան լանջին այդքան բարձր վառել էր մարդը։ Փայտը քիչ էր․ շալակով էին բարձրացրել, և դրա համար նրանք աշխատում էին կլանել ողջ ջերմությունը։ Լուռ էին. կրակի լույսով պրոֆեսորն ինչ-որ նշումներ էր անում։ Նա նույնիսկ դուրս սողաց խորշից և սկսեց դիտել աստղերը։