Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/376

Այս էջը հաստատված է


սպիտակ դեղնավուն լույսը։ Թվում է, թե ոտքերի տակ ոչինչ կարծր բան չկա և բարձրանում են` կոխելով սառած ամպերը, բարձրանում են դեպի անհունը, ուր կան միայն աստղեր։

Նա սկսեց տրորել քունքերը։ Հոգնել է. քնելու ժամը վաղուց է անցել, բայց այս գիշեր քունը հեռացել է։ Սառնություն է զգում։ Կարծես հոգու մեջ է ցուրտ լռությունը, լռությունը՝ անեզր, անպարփակ, ինչպես այն լուսադեմին։

Մի ինչ-որ թերթ է ընկած տետրի արանքում... Ինքն է 10 գրել․ ահա պահել է ճրագի վրա, և նույնիսկ մի տեղ թուղթը դեղնել է...

«Ի հանդարտասյուգ մարմանդս հողմաբեր մեղմիկ զեփյուռին։
«Դիմեցի երբեմն զբոսնուլ ի ծոց Մասոյաց սուրբ լերին.․․
«Ո՞ւր ես առավոտ, քաղցր արշալույս, արև գերարփին...»։

Արևելքում ամպերը շարժվում են։ Ահա մեկը ձգվում է ինչպես հազարամյա կաղնի. երկու սև ամպ կանգնել են դիմաց-դիմաց, գոյացնելով ամպեղեն կիրճ։ Ավելի խորունկ՝ գանգուրների նման ամպեր են, կարծես սպիտակ ոչխարներ են մակաղել։ Բայց ահա մոխրագույն են դառնում ամպերը, 20 կապտում են․ նրանք նման են միսկարների պղնձին։ Ահա ամպերի սև կիրճի մեջ շողաց առաջին ճառագայթը, և, ինչպես կաս-կարմիր անիվ գլորվելով, գալիս է արևը, շողում է կատարը, ինչպես պղնձյա վահան, և ցոլքերի մեջ անէանում են աստղերը։

Ի՜նչ ահավոր վայրկյան է, ի՜նչ խորհրդավոր ժամ․․․ Ամբողջ դաշտը խավարի մեջ է․ ինչպես կապույտ վրան երևում է Արագածի գագաթը, և ուրիշ ոչինչ չի երևում՝ բացի արևի գունդը և Արարատի սկավառակը։

- Ահա կատարը,- բղավեց Պարրոտը։

30 Արև է, անդորր․ սառույցներ, լռություն, սպիտակ լռություն։ Նա փակել է աչքերը և դեռ չի, նայում, չի ուզում նայել․ դեռ դողում է սիրտը հուզմունքից, և հոգնությունից դողում են ոտքերը։ Ապա հանկարծ ետ է քաշում ձեռքը, տեսնում է արևով ողողված սառցադաշտը, վազում է խելագարի նման թևերը պարզած, վազում է դեպի արևի կարմիր գունդը, դեպի սառցաժայռերը։ Ապա փռվում է գետնին, համբուրում է գետինը,