Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/384

Այս էջը հաստատված է

2

Քանաքեռցիներն Աբու Հայաթի մոտով բարձրանում էին դեպի գյուղը։ Նրանց հետևում էր մի մանկամարդ կին, փաթաթված սպիտակ չարսավի մեջ։ Ամայի էին այգիները և բարակ ճանապարհը, որով գնում էին։ Այդ ամայության մեջ չարսավով կինը նման էր սրածայր գերեզմանաքարի, որ պոկվել էր մահմեդականների հանգստարանից և գնում էր գյուղի վրա։ Ավելի մոտ թվում էր, թե սպիտակ գերեզմանաքար չի շարժվում, այլ գերեզմանից դուրս է եկել մի թարմ 10 դիակ, որին հենց նոր փաթաթել էին սպիտակ քաթանի մեջ և իջեցրել մոռացության խորքը։

Վերադառնում էին բոլոր քանաքեռցիները, բացի Հարություն Աբովը, որը նույն ժամին Ձորագյուղի կողմից իջնում էր Չարսուի վրա։ Նա քայլում էր նեղ փողոցներով, որոնց երկու կողմը կավե ցածր և կիսախարխուլ պատեր էին, կիսով չափ գետնի մեջ ցածր դռնակներով, որ համարյա միշտ փակ էին։ Պատերի ետևից մարդաձայն չէր լսվում, կարծես ամայի էին տները, որոնց բնակիչները հեռացել էին, ով գիտե, որտեղ։ Տասնհինգ տարի էր ռուսները գրավել էին Երևանը և միայն 20 Շհարի մահլայում էին կառուցել քարաշեն երկու տուն և մի զորանոց՝ ոչ հեռու սարդարի ջավահիր ամարաթից։ Չարսուն և մանավանդ խուլ թաղերը ավելի էին խարխուլ, որովհետև բնակիչները դժվար էին բարձրացնում այն աղյուսը, որ հին կամարներից ընկնում էր ժամանակի հետ։ Շատ տներ ավերվել էին ռուս-պարսկական պատերազմին, մի մասն անմարդաբնակ էր, որովհետև նրանց տերերը ռուսների ահից փախել էին և օտարության մեջ հիշում էին իրենց հին բակի ուռիները։ Մնացողները ևս չէին նորոգում իրենց տները. կյանքի թանկության հետ միասին ժամանակն առհասարակ անհանգիստ էր։ Ոմանք 30 ակնկալում էին սարդարների վերադարձը, իսկ ոմանց համար կյանքը դառնության հին լուծն էր, որ պիտի մաշվեր այդ լուծը քաշողի պարանոցի հետ։

Փողոցների կեղտոտ լճակներից բարձրանում էր գարշահոտություն։ Շատ թաղերում կիսավեր էին առուները, և այլևս չէին ծաղկում բախչաները։ Չկային և պարսիկ միրաբները,