Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/394

Այս էջը հաստատված է


և օտարերկրյա վաճառականները։ Այդ բակի ներսն էին նաև առևտրական տների պահեստները, որոնց արտաքինը բոլորովին չէր մատնում գետնահարկ նկուղներում դարսած ահագին հարստությունը։ Անփոփոխ էին առևտրի կարգը և առևտրականների սովորությունները։ Շարք-շարք կրպակները կազմում էին միջանցքների լաբիրինթոս, ծածկված աղյուսների բարձր թաղբանդով, որի կլոր լուսամուտներից արևը կախում էր ոսկե սյուներ։

Միջանցքներում լուսավորությունն ավելի չէր, քան ասիական 10 բաղնիսում։ Եվ այդ անրջական լույսի մեջ օրորվում էին բարակիրան և դանդաղաքայլ պարսիկները, նրանք քայլում էին օրորալով, գլորում էին ոսկեհատ թազբեհները, կարծես զբոսնում էին մզկիթի բակում։ Խանութները ցուցանակ չունեին, ապրանքը կիսով չափ դուրսն էր, և նրանց շողշողուն գույները զվարթացնում էին հին կամարների մռայլությունը։ Պատերից կախված էին զառ լաչակներ, վարդագույն աղլուխներ, ղալամքյար և եզերքը հաշյա կերպասներ․ ղանավուզի և պարսկական թավիշի թոփերը կազմում էին բարձր սյուներ։ Կրպակների մի շարքում ոսկերիչներ էին, մյուսում 20 վաճառում էին արծաթե կոճակներ, արմավե թասեր, ուլունքե քսակներ, պարանոցի մարջան, էբենոսյա սանրեր, յահուդ մատանիներ, սուրմա-դուգմա, կրծքի քորոցներ և օղեր, նաև այն յալդուզ ոսկիները, որով այն ժամանակ գեղեցկուհիները զարդարում էին իրենց լույս ճակատները։ Կային խանութներ, որտեղ կարելի էր տեսնել բոլոր տեսակի թրերը և դաշույնները․ Դամասկոսի պողպատյա թրից, որի փղոսկրե կոթի վրա փորագրված էին տիրոջ բազուկը զորացնող աղոթքներ,- մինչև ղարափափախ թարաքյամաների ահարկու խանչալը։

Ինչպիսի գորգեր չկային Չարսու բազարում՝ Բայբուրթի 30 խորանավոր խալիչայից մինչև Թաքյանահմադի թաղիքները։ Կային խալիներ, որոնց լայնքը ավելի էր քսան խան արշինից․ կային և մետաքսե թելերով հյուսած մանր գորգեր, որ կարելի էր թաշկինակի նման դնել գրպանը: Շատ գորգերի վրա կարելի էր տեսնել մի ամբողջ դիցաբանություն, բոլոր մանրամասնություններով․ կարծես չնաշխարհիկ նկար էր, որ հարկավոր էր շրջանակել և դնել ապակու տակ։ Ինչպիսի