Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/395

Այս էջը հաստատված է


ծաղիկներ, ի՜նչ մրգեր, ի՜նչ անդրծովյան թռչուններ, որոնք ասես կենդանի էին և թաքնվել էին կախարդական պարտեզներում։ Մի քանի գորգերի վրա հյուսել էին որսի տեսարաններ, անապատ՝ ուղտերի հեռացող քարավանով, բաշը կրակե գույն առյուծ, որ դուրս է գալիս որջից ավելի ահավոր, քան ինքը կենդանի առյուծը։ Բայց ամենից ավելի բազմություն հավաքվում էր այն գորգերի առաջ, որոնց այրում էր կանացի մերկ մարմինների նկարը։ Նույնիսկ մորուքները հինայած և պատկառելի ախունդները չէին կարողանում անխռով անցնել 10 առանց մի ակնթարթ նայելու։ Երիտասարդները երազում էին նրանց, ինչպես այն փերիներին, որոնք ապրում են ջեննաթի մշտադալար պարտեզներում։ Հաշիշից դեղնած մի դերվիշ ժամերով նայում էր այն գորգին, որի վրա հյուսել էին մերկ տղայի վարդագույն մարմինը, ձեռքին ոսկեթև բազե։

Կրպակների առաջ ծփում էր բազմազգի և բազմալեզու մարդկանց ծովը։ Հայեր, թուրքեր, պարսիկներ, սեյիդլի թաթարներ, թարաքյամա՝ որոնք աչքի էին ընկնում գլխի սև ապարոշներով, եզիդի քրդեր, վերջապես լեռնական հրեաներ, որոնք տարբերվում էին իրենց քաղդեական ծալ-ծալ միրուքներով 20 և երկար ջյուբբաներով։ Արևելյան խայտաբղետ տարազներին չէր մերվում «կվարտալնի դեսյատնիկների» գորշ մունդիրը։ Բոլորը նրանց անվանում էին «սալդաթ» կամ «ղազախ»։ Այդ ոստիկանները մեծ մասամբ նախկին զինվորներ էին, որոնք մասնակցել էին ռուս-պարսկական պատերազմներին։ Նրանք արդեն հասակավոր մարդիկ էին, և ոմանց կուրծքը զարդարված էր արծաթյա մեդալներով։ նրանք ունեին մինչև ականջները հասնող փարթամ բեղեր և ճյուղավոր մորուք, որ ծփում էր կրծքի վրա։ Ծանր թուրը և ալեբարդն ավելի էին խստացնում նրանց անհրապույր արտաքինը։ 30 Նրանցից մի քանիսը հանդարտ ննջում էին գլխավոր մուտքի պահականոցում, իսկ մյուսներն իբրև օրենքի պահապաններ, շրջում էին միջանցքների լաբիրինթոսում, իսկ ավելի շատ այն կրպակների առաջ, որտեղ վաճառում էին չոր մրգեր։ Նրանք կերակրվում և ապրում էին Չարսու բազարում։ Հաղթողի գերագույն իրավունքով նրանք մտնում էին չայխանե և իսկույն տերը ինքն էր մատուցում մի բաժակ։