Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/399

Այս էջը հաստատված է

Եվ Միրզամը հրաժեշտ տվեց հին ծանոթին։

Թելումով Սիմոնի «մաղազայում» նա գնեց սաղրի քոշեր, մի կապ քթախոտ և երեխաների համար խոշկյաբար։ Երբ նա հագնում էր նոր քոշերը, Թելումով Սիմոնը նկատեց նրա զարմանալի գեղեցիկ գուլպաները։

- Թազա փեսայի ջորաբ ես հագել, Միրզա ամի․․․

Միրզամը թափ տվեց գուլպաների փոշին և ինքն էլ հիացավ, կարծես գուլպաները նոր էր տեսնում։ Եվ նորից հիշեց Մայրանին։ Առավոտյան, երբ նրանք պատրաստվում 10 էին քաղաք գալու, երևաց Մայրանը՝ մաշված չարսավի մեջ։ Կինը չարսավի տակից մեկնեց այդ գուլպաները և ձեռքերով հասկացրեց, որ գործել է Միրզամի համար։

Ծերունին գնեց նաև մի գյուղի աղլուխ և դուրս եկավ Չարսու բազարից։ Կարծես մի ծանրություն ընկավ այդ ալեհեր երեխայի սրտից, երբ մտածեց, որ երեկոյան, երբ խոշկյաբարը կբաժանի մանուկներին, քթախոտը կտա պառավին, ծաղկավոր աղլուխն էլ կտա Մայրանին, որ ինչպես ամաչկոտ օտարական, նրանց էյվանում սպասելու է մինչև Միրզամի վերադարձը։

20 ․․․Միրզամը գնում էր ճահճուտների միջով՝ այն բարակ ճանապարհով, որ Չարսու բազարից անցնում էր դեպի Շիլաչի մահլան։ Շուրջը՝ կիսավերակ այգիներում փոքրիկ տնակներ էին՝ հնձանների նման։ Բարդիների արանքից նշմարվում էր Պողոս Պետրոս եկեղեցին։ Ճահճուտի մեջ նստել էին գոմեշները։ Ծխում էր այն բաղնիսը, որի ջրերը գալիս էին ճահճուտներից։

Միրզամն արդեն մոռացել էր Չարսուն, սեյիդ էհսանի տան կապույտ քարը, իր սրտի մորմոքը՝ հին քաղաքի և նրա լիության հանդեպ, որ թռել էր ինչպես Չարսուի սիրամարգը։ 30 Նորից զարթնել էր Մայրանի հոգսը, այն, որ ճնշում էր նրան, սրտի արյունոտ այն խոցը։ Մի անբացատրելի վախ կաշկանդում էր նրան. թվում էր, գնում է մի մութ անտառով, որտեղ հազար հարամի նրան սպասում են ծառերի ետևը։

Գնում էր վախից ու կասկածից խեղճացած, կարծես քաշում էին ահեղ դատաստանի։