Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/400

Այս էջը հաստատված է

4

Երևանի արքունի դպրոցի («նահանգային վարժարան») արտաքինը դաժան և անհրապույր էր, ինչպես Նիկոլայ կայսեր կազարման։ Մի հարկանի քարե տան երկու թևերին ռուսների օրոք կառուցել էին ֆլիգելներ, որոնք դպրոցի շենքից անջատված էին ներսի բակով։ Թե′ ֆլիգելները և թե՛ դպրոցի շենքը շրջապատված էին հաստ պարսպով, որի վրա, ինչպես փայտե զինվորների տողան՝ երևում էին սուր ցցերը։ Այդ պարիսպը և ցցերի շարքը դպրոցը նմանեցնում էին նաև բանտի։ 10 Դարի ոճն էր այդ, դպրոցը բանտ էր, երկուսը միասին՝ արքունի զորանոց՝ ծանր, մռայլ և ամենը unheimlich, ինչպես ասել էր էմիլիա Լոոզեն՝ նահանգային վարժարանի տեսչի գերմանացի կինը, երբ ամուսինը նրան ցույց էր տվել իրենց բնակարանը՝ ներքևի ֆլիգելում։

Բոլոր պատերը դրսից ծեփած էին դեղնակարմիր կրաքարով, որ արևից կորցրել էր կարմիրը և նման էր վառած կավի։ Բայց ամենամռայլը ծանր դարպասներն էին և պողպատե զինանիշները, որոնք ամրացված էին դարպասների ճակատին։ Երբ արևը խփում էր դարպասներին՝ զինանիշի երկգլխանի 20 արծիվների ստվերը բաց պատուհանից ընկնում էր դասարանի ներսը։ Արծիվներն անցնում էին պատերի վրայով, և երկյուղած աշակերտները չէին համարձակվում նրանց ձեռք տալ։ Իսկ Իվան Բոնդարչուկը՝ առաջին կլասսի վայելչագրության դասատուն, ձգվում էր ճակատի, կարծես պատի վրայով անցնում էր իմպերատորի ստվերը։

Սովորաբար երկաթե դարպասները կողպ էին։ Անցուդարձը լինում էր այն փոքրիկ դռնակներով, որ բացվում էին հենց դարպասների մեջ։ Աշակերտներից շատերը դպրոցի բակն էին մտնում կողքից, որտեղ պարիսպն ավելի ցածր էր և մի քանի 30 տեղ փշրվել էին փայտե ցցերը։

Դպրոցի երեք կողմն անմարդաբնակ տարածություն էր։ Հետևի մասում պարիսպը սահմանակից էր մի կիսավեր այգու։ Շրջապատի ամայությունն ավելի էր խստացնում շենքի մռայլությունը, մանավանդ ամառը, երբ աշակերտները ո՞վ գիտե որտեղ էին, իսկ դիմացի հատ ու կենտ մացառները և արևից