Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/401

Այս էջը հաստատված է


խանձված խոտը ծածկվում էին փոշու ծանր շերտով։ Միայն կանաչ էր մի հին չինարի, որի կլոր ստվերում հանգստանում էին հիվանդ հորթերը և էշերը, որոնք խանձված խոտի համար ամառվա շոգին գալիս էին նույնիսկ Զորավորի թաղից։

Այդ ամայի տարածությունը, որ քաղաքի կամերալ մատյանում արձանագրված էր իբրև «ոչ ոքի չպատկանող անապատ առանց սահմանի»,- կենդանացնում էին ուղտերի քարավանները, որոնք Նախիջևանից բերում էին աղ և բրինձ, Օրդաբաղից՝ չոր միրգ։ Ուղտապանները այդտեղ էին գիշերում 10 և նրանց խարույկը բարձրանում էր մինչև չինարու ճյուղերը։ Ընթերցելով Անտոնիո Ջիովանելլու ուղեգրությունը, կարելի է կասկածել, թե արդյոք նրա նկարագրած ծառը այն չինարին չէ՞ր, որին խանձում էր խարույկի բոցը, մաշկում էին ուղտերը՝ իրենց կեռ պարանոցները քսելով նրան և բազմաթիվ կեղևակեր բզեզներ ձմեռում էին նրա կեղևի տակ։ Երևանի արքունի դպրոցի գործերի մեջ դեռ մնում են գրություններ՝ ուղղված այդ չինարու դեմ։ Տեսուչ Լազարիյ Հաջի-Ֆոտիևը գրում է, որ այդ մենավոր ծառը աշակերտների մեջ առաջացնում է «թախիծ և հանցավոր ցրվածություն» («наводит уныние, а текже 20 преступную рассеянность»), իսկ աոաջին կլասի վերակացուն տեղեկացնում է տեսչին, որ աշակերտները գերադասում են դուրս փախչել դեպի չինարին, քան թե խաղալ դպրոցի բակում՝ ըստ դպրոցական կանոնադրության։ Կա և գրագրությունների մի ամբողջ կապ, որ կոչվում է «գործ անտիրական ուղտի, որ հայտնվել է դպրոցի բակում անհայտ կերպով»։

․․․

Հետկեսօրյա ժամն էր։ Դասարանները դատարկ էին․ դատարկ էր և դպրոցի բակը։ Վերի ֆլիգելից լսվում էր աղմկալի խռմփոց։ Իվան Բոնդարչուկը՝ առաջին կլասի դասատուն, 30 խմել էր կես փարչ պղտոր գինի և ընկել մեջքի վրա։ Ջերմախտի «չար ոգուն» նա հալածում էր այդ ձևով, միաժամանակ և կարճելով երկար օրը։ Նրա ծառան՝ յասաուլ Ֆեդրոն, լիզել էր պնակները, խմել գինու մնացորդը և գլուխը կախ ձայնակցում էր տիրոջը՝ խռռացնելով նրանից ավելի սաստիկ։ Նրանց