Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/403

Այս էջը հաստատված է

ինքը և յուր ազգակիցները։ Գերմանուհին չէր սիրում մանավանդ ամուսնու գյուղացի բարեկամներին, որոնք նրա սենյակների մաքուր հատակին թողնում էին տրեխների փոշոտ հետքը, ծղնոտի փշրանք, իսկ ներսը կծու և անախորժ հոտ, որ բարձրանում էր նրանց չուխաներից, կեղտոտ փափախներից և տրեխների հում կաշվից։ Նրանց հեռանալուց հետո նա քթին էր մոտեցնում վարդաջրի մեջ թաթախած թաշկինակը, իսկ սպահանցի Ասատուրը՝ նրանց տան սպասավորը, բաց էր անում պատուհանները, հատակը սրբում, մինչև «այլազգի 10 կինարմատը» հանգստանար և այլևս քթի տակ չասեր անհասկանալի բառեր, որ մոգական զորություն ունեին Ասատուրի համար։ թայց նույնիսկ խստապահանջ գերմանուհու համար Միրզամը բացառություն էր։ Նրան նույնիսկ հաճելի էր Edelmann Mirsaam-ի ներկայությունը։

Դռան մոտ Միրզամը քոշերը հանեց և մաքուր գուլպաներով մոտեցավ ցածր թախտին։ Նա հանեց և մեծ թաշկինակը, որ կապած էր գոտուց, և սրբեց երեսի քրտինքը։ Փոքրիկ երեխան նստեց նրա ծնկանը։ Ծերունին զգուշությամբ գրկեց երեխային, կարծես փխրուն իր էր, որ ամուր սեղմելուց 20 կփշրվեր։ Տարվա այդ ժամանակ հազվագյուտ էր թարմ միրգը, բայց Միրզամը գրպանից հանեց երկու կարմիր խնձոր։ Մաքուր և շողշողուն էին խնձորները, որոնց կարմրությունը ավելի նկատելի էր՝ սպիտակ և փափուկ ձեռքերի մեջ։ Նույնիսկ հայրը, որ արագ հագավ շտիբլետները և կոճկեց ժիլետը,- նույնիսկ հայրը հիացած նայեց այն բարիքներին, որ դեռ ընծայում էր Աբով պապի այգին, այն հին այգին, որի ծառերի տակ խաղալով անցել էր նրա կանաչ մանկությունը։

- Միրզամ, էս մեր ճաքած ծառի խնձորը չի՞։

- Չէ, որդի, սրանք շահալմասի են։ Սամթով պահես, մինչի 30 աշուն կմնա...

- Դե, պոպոշ ջան, գնա, բալիկս,- և ձայն տվավ կնոջը։

Սենյակի դուռը բացվեց, տղան գնաց՝ քարշ տալով մետաքսե ղեյթանը։

- Ո՞նց եղավ,- անհամբեր հարցրեց նա, մատները խրելով մազերի մեջ։ Միրզամը շփոթվեց և նորից հանեց թաշկինակը... Ինչքան խաղաղ էր այդ մի քանի րոպեն, երբ դռնից