Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/404

Այս էջը հաստատված է


նայում էր, երբ խնձորները հանեց, «արքայական» խնձորները։ Կարծես սկսվում էր սովորական զրույց։ Միրզամն ափսոսաց, որ երեխան գնաց։ Մենակ՝ երես առ երես, ավելի դժվար էր։ Ապա նայեց նրա կապտավուն աչքերին, նրա պարզ աչքերին, որ մարմանդ ցոլում էին, ինչպես աստղերը ջրհորի սև ջրի մեջ՝ խորը, խորը։ Ու թեև այդ աչքերը նայում էին անհամբեր հետաքրքրությամբ, բայց նրանց խորքում Միրզամը տեսավ հին, շատ հին, իրեն շատ ծանոթ և սիրելի պատանու պատկերը։ Եվ ծերունու հիշողության մեջ զարթնեց այդ պատանու 10 վաղեմի անունը, որ այլևս չէր արտասանվում։ Այդ մարդը՝ շրջապատված գրքերով, օտար և նրան անծանոթ իրերով և նույնքան օտար զգեստով, այդ մարդը իր Խաչերն էր, չար Խաչերը, Խաչոն, Խաչատուրը, ծիծեռնակի բուն քանդողը, այն չար տղան, որ ուներ մի ծեր շուն, շանը կապում էր ձիերի ախոռում և ստիպում, որ շունը խոտ ծամի։

Միրզամի ձայնը դողաց․

- Խաչեր, բալա ջան, էսպես եղավ եղելությունը․․․

Երբ նա լսեց իր կորած անունը, մի ինչ-որ բան պղտորվեց ներսը, կարծես մի ձայն կանչեց նրան հեռու արտերից, և 20 նա զգաց իրենց հողերի հոտը, իրենց տան հացի համը, լսեց իրենց Նարգիզի բառաչը և Զանգուի վշշոցը Քանաքեռի ձորում։

Ինչ-որ մկաններ դողում էին Միրզամի հոգնած դեմքին։

Դողդողում էին նաև ձեռքերը, որ ծերունին դրել էր գրասեղանի ծայրին։ Նրան թվաց, թե փոքրացել է այդ սուրբ ծերունին, փոքրացել է ինչպես չորացող ծառը։ Ինչքան փոքր էր նրա դեղնած ձեռքը, որ դողում էր մրսող թռչունի նման։ Ապա անարատ ակնածությամբ նայեց նրա ալեհեր մազերին։

Իսկ Միրզամը հանդարտ ձայնով պատմում էր «գործի» քննությունը, նրա ընթացքը։ Մեծ պատմող էր ծերունին։ 30 Շատ օտարականներ են վկայել նրա պատմելու արվեստը։ Բարոն Ավգուստ ֆոն Հաքստհաուզենը Միրզամի հեքիաթները հիշում էր նույնիսկ Պետերհոֆում․ «Բարևեցեք նաև Հարություն բեյին,- գրում էր նա իր նամակի մեջ,- որի հեքիաթները մեծ զվարճություն պատճառեցին պալատական դքսուհիներին, որոնց հաղորդեցի ես մի անձրևոտ գիշեր, որքան իմ