Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/406

Այս էջը հաստատված է

ստվեր։ Ինքը կանգնել էր էյվանում, բարեկամները դիլիջանսի վրայից վերցնում էին նրա իրերը։ Էյվանից նա էմիլիային ցույց էր տալիս իր հայրենի աշխարհը` մինչև կապույտ մշուշի մեջ երևացող Արարատի գագաթը, որի մասին նա նրան այնքան էր պատմել։ Երկու անգամ բակով անցավ մի բարակ կին` չարսավի մեջ։ Այդ կինը մոտեցավ նրանց, չարսավի տակից երևաց կնոջ մաշված ձեռքը, և կինը համբուրեց բարեկամի ձեռքը, որպես խոնարհ հարգանքի նշան։ Ապա անցավ բակով որպես ստվեր։ Իսկ նա չճանաչեց իր քեռու աղջկան, 10 պատանեկության օրերի Մայրանին։

-Ճանապա՞րհը, Միրզամ...- և գլուխը տարուբերեց.- էլ ճանապարհ չկա՛։ Չկա՛, Միրզամ...

Ծերունին տեղը ձգվեց։ Ինչպե՞ս թե ճանապարհ չկա. հապա Խաչերի անունը, նրան ճանաչող բազմաթիվ մեծամեծները, Հովհաննես եպիսկոպոս Սահառունին, որ երդվում է նրա անունով, Սինոդի պրոկուրորը, վերջապես ինքը՝ Աշտարակեցին, Հայոց կաթողիկոսը, որ ճանաչում էր Աբով պապի ուսումնական ժառանգին, վանքի նախկին դպիր և այժմ «աղա սմատրիտեթ Խաչատուրին, որի անունը հայտնի էր մինչև անգամ 20 Պետերբուրգի շհարում։

Միրզամը պարծենում էր այդ կապերով։ Նաև շոյում էր եղբորորդու ինքնասիրությունը։

- Դու որ չանես, էլ ո՞ւմ ոտն ընկնենք։ Քո արինդ ա, Խաչեր... Դու որ ղարիբ ղուրբանի համար, եզըդի յադի համար էդքան չալիշ ես գալի, բա մեր ջանին յարա կուզե՞ս։ Ախր ջանի յարայից էլ բեթար է էս ցավը։ Մի թուղթ գրի Բարսեղ արքեպիսկոպոսին, ես իմ ձեռոք տանեմ, աջը առնեմ, ասեմ՝ սրբազան, էսքան լավություն եմ արել էս սուրբ օջախին, օր ծերության մուրազս անկատար մի անի։ Ի՞նչ 30 պիտի ասի որ... Կանի, Խաչեր, կանի... Դու թուղթը գրի։ Չէ՞ ախր մեղք է էն բառաչող եթիմը։

Միրզամը լռեց։ Նա վախեցավ, որ Խաչերը կդառնա և իր երեսով կտա հանդիմանության և նախատինքի մուրը։ Եվ տեղը կուչ եկավ։ Իսկ եղբորորդին Միրզամին չէր լսում։ Նա կշռադատում էր այն միակ ելքը, որ ցույց էր տալիս ծերունին։ Նրա համար իրոք որ դժվար էր այդ ճանապարհը։ Նա այդ