Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/417

Այս էջը հաստատված է

կյորեսեցի սուրբ Մարտիրոսի մատուռի առաջից կիսաեփ կաթսան գրկած տարել է եզան Սուրբի ձորը, ասելով․

- Եզան Սուրբ, եթե դու էլ սուրբ Մարտիրոսի նման լիրբ ես, մատաղը կածեմ շների առաջ․․․

Երբեմն պալտոնավորը, այսինք Գորիս քաղաքացիք Եփրատ Երեմը, Անիկա տյոտյան, տիկին Օլինկան, Կիզակով Իսակը հանդերձ ընտանյոք, Սահակ Սերգեյիչը՝ թագավորական ուսումնարանի տեսուչը, Ավագիմով եղբայրները, Ճաղարին Մուղրովը՝ արծաթյա մեդալներով, Կարճիկ Կևեր 10 բեյի աղջիկները, նավթավաճառ Գեորգին, Լալազարանց տունն իրենց նշանավոր աղջիկներով, որոնցից մեկը՝ Հերսելյան ամենաչքնաղն էր քաղաքում և կոչվում էր «թևը կոտրած հրեշտակ» որովհետև Հերսելյան քայլում էր ձախ ուսը մի քիչ բարձր,- երբեմն այդ ահագին բազմությունը լիքը զամբյուղներով ուխտ էր գնում սուրբ Մարտիրոս, գնում էր զուգված-զարդարված, գույնզգույն հովանոցներով, որոնցից ամենագեղեցիկը՝ երկնագույն մետաքսե,- հով էր անում օրիորդ Հերսելյային, և երիտասարդ չինովնիկների ու գործակատարների մի խումբ, որ հետևում էր Լալազարանց աղջիկներին և մանավանդ թևը կոտրած հրեշտակին,- հիանում էր Հերսելյայի 20 խշխշան շորերով, բարակ մարմնով և նրա երկնագույն հովանոցով։

Երբ պալտոնավորն ուխտ էր գնում, Շենը դժգոհում էր, կարծես եկողներն այլադավան էին։ Գորիսեցիք էլ էին մատաղ անում, մինչև անգամ Լալազարանց Հերսելյան, բարձրացնելով զգեստի փեշերը, ծնկաչոք մտնում էր Կանաչ եկեղեցին և այդ ժամանակ երիտասարդ չինովնիկներից մեկը փռում էր մի թերթ, որ ավազը չծակծկի նրա մարմար ծունկը։ Նրանք էլ էին մոմ վառում, ոչ այն դեղին մոմը, որը ճրագուից թափում էր 30 սապոն եփող Սավադը, այլ սպիտակ և զառ նշանով մոմեր։ Պատահում էր, որ օրիորդ. Հերսելյան և կամ Սահակ Սերգեյիչի դուստր Սուսաննան, համբուրում էին մատուռի քարը և մինչև անգամ խաչակնքում էին։

- Հողս գլխիդ,- նրանց հետևից ասում էր մի կյորեսեցի պառավ,- տեսնես բուլվարում քանիսին ես պաչպչել։ էլ սուրբը քեզ հի՞նչ անի․․․