Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/445

Այս էջը հաստատված է

Հետզհետե զարթնում է Գորիսը։

Մսավաճառներն առաջինն են բացում խանութները։

Ահագին կեռերից գլխիվայր կախված են եզներ և ոչխարներ, որոնք դեռ երեկ մայում էին։ Արևն ընկնում է նրանց կարմիր մսերին, և ահագին դմակները, ինչպես պղնձե վահաններ, արևի ցոլքը նետում են դեռ քնած տների վրա։ Խանութի հատակին ընկած են եզների գլուխներ՝ վիթխարի եղջյուրներով։ Մեկի շնչափողից կաթկթել է արյունը։ Մի ոչխարի գլուխ՝ սառած աչքերով զարմացած նայում է արևին։ Եզան կճղակի մեջ դեռ կանաչ է խնձորախոտի տերևը։

10 Ահա գալիս են առաջին գնորդները, որոնք միս չեն առնում, այլ փորոտիք, աղիքներ, ոտքեր և գլուխ։ Շուկայի պահակ Կետանը խսիրի մեջ փաթաթում է մի գլուխ և ութ ոտք։ Մսավաճառ Պետրուսը նրանից դրամ չի վերցնում, այլ միայն Կետանին պատվիրում է ցերեկով իրենց այգին ջրել։ Գալիս է Խարչևնի պահող Թևատորոսը, որի ճաշարանում երկու կոպեկի «կես պորցի» բոզբաշ են ուտում Ամիր Աստանը, սալդաթ Երանոսը, ճոլուն Կևին, Քյաթառան, քարահունջեցի ճաղար Պետին և այս կարգի մարդիկ, որոնք գիշերում էին կիսավերակ քարանձավներում, խոտի դեզերի մեջ և բուլվարի 20 ցանկապատի տակ։ Գալիս է Թևատորոսը և յուր ճաշարանի համար շալակած տանում է ճարպի կտորներ, աղիք և եզան գլուխ։

Մսավաճառների խանութների առաջ գլխահակ շրջում են շները, որոնք դեռ գիշերն են զգացել թարմ մսի հոտ և անհանգիստ խլրտացել են մսի խանութների շուրջը։ Շները գլուխը կախ ման են գալիս, կարծես նրանք ինչ-որ լուրջ բանի են, ինչպես Սպիտակ բանտի պահապանները, որոնք գիշեր-ցերեկ պարիսպների վրա գնում գալիս են։ Շներից ոչ մեկը չի հանդգնում մոտենալ մսի խանութներին։ Շները հին են, ինչպես 30 Գոիսում հին է «ղավթարխանան»։ Նրանք սեփական կողերի վրա փորձել են, որ եթե մոտենան մսավաճառների խանութներին, ղասաբ Պետրուսը կարող է նրանց գլխով զարկել տասը գրվանքանոց կշռաքարը, քիթը մեծ Իվանը կշպրտի մեծ դանակը, իսկ Դանգա-Բուռուն Ասրին իր երկար ոտքով շանն այնպես կխփի, որ շունը երեք անգամ օդի մեջ կպտտվի