Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/458

Այս էջը հաստատված է

Գորիսում այնպիսի շներ կային, որոնք լափում էին դոլմայի մնացորդը և տիրոջ նման հետկեսօրյա քնով քնում էին և նույնիսկ քնի մեջ պուֆ էին անում, ինչպես Ներսես բեյի շունը։ Շները զարթնում էին, երբ հնչեր տիրոջ ձայնը։ Այնուհետև նրանք արթուն պահակ էին մինչև լուսաբաց։ Տերը կարող էր կանաչ սեղանի շուրջը նստել մինչև վերջին ռուբլին, կարող էր բիլիարդ խաղալ, կարող էր հարբած տուն գալ,- ամեն ինչ ապահով կարող էր անել, քանի շունը կար... Մի խոսքով, եթե դատական հին գործերում ձեզ պատահի 10 հանդիպել այսպիսի արտահայտության՝ «նա ինձ համար շուն չէր, այլ բերդ էր»,- իմացեք, որ այդպես ասողը գորիսեցի էր։

Քանի շները քնած են, հարկավոր է պտույտ անել քաղաքի փողոցներում և մի քանի տուն մտնել։ Բայց հարկավոր չի մտնել Հաստ Ներսես բեյի հարևան տունը, որտեղ ապրում է Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյը, որովհետև այստեղ էլ ամեն ինչ նույնն է՝ աննշան տարբերությամբ։ Կարճիկ Ներսես բեյը դոլմա չի կերել, այլ կոլոլակ, նա մեջքի վրա չի քնած, այլ կողքի, և նրա շան երկու աչքերը կապույտ են, իսկ Հաստ Ներսես բեյի շան մի աչքը երկնագույն է, մյուսը՝ կապույտ։ 20 Մնացածը նույնն է, նույն այգին, նույն չորս երեխան, որից մեծ աղջիկը պատուհանի առաջ սպասում է, թե երբ կանցնի հարևանի գիմնազիստ տղան,- այն բակից էլ մի աղջիկ տեսնում է Ժորժիկի ծխախոտի ծուխը։

Հարկավոր չի ներս մտնել այս տունը նաև այն պատճառով, որ երկու հարևաններ իրար թշնամի են, և դառն է պատմել նրանց թշնամությունը, որովհետև կարող են կարծել, թե երկու Ներսես բեյերը չնչին մարդիկ էին, եթե նրանց երկարամյա գժտության առիթը եղել էին նրանց շները, ավելի ճիշտ՝ Հաստ Ներսես բեյի շունը, որ մի գիշեր կապը կտրել և թռել էր 30 հարևանի այգին և այնտեղ հարևանի շան հետ շնություն էր արել և այդ ոչ թե այգու մութ խորքում, այլ նոր մարգերի մեջ, այնտեղ, ուր Կարճիկ Ներսես բեյի կինը ցանել էր Երուսաղեմի լոբի, ռեհան, կինձ և գլխավորն է` կատաղած վարունգ, այն վարունգը, որի սերմերը Քութաիսից ուղարկել էր հարկային տեսչության ավագ ռևիզոր իշխան Այլախիարին, երբ