Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/472

Այս էջը հաստատված է

Գարնանամուտին Սալյանից, Ղարաբաղի տափաստաններից, մինչև անգամ շոգ Լենքորանից հազար֊հազար մարդ, ոչխար, ուղտ, ձի քոչով և քարավաններով բարձրանում էին Զանգեզուրի լեռնային արոտները։ Այդ ահագին բազմությունն անցնում էր Դոլուն Կարիի, Խանձատ Խուդու և աղ ու հացի մյուս եղբայրների կառուցած փայտե հասարակ կամուրջով։ Նրանք կամուրջի վարձ էին հավաքում, բուրդ, ոչխար, դրամ և այդ ամենը գնում էր գինու և զվարճության։

Նրանք փորձված ձիավարներ էին, և պատահում էր, որ 10 Հաստ Ներսես բեյը կամ մի ուրիշ բեյ Բարկուշատի խաներից ընծա էր ստանում այնպիսի հրեղեն նժույգ, որին բեյը վախենում էր մոտենալ։ Եվ ահա կանչում էին Հին ճանապարհի վարժ ձիավորներին, բազմությունը հավաքվում էր հրապարակում և Դոլուն Կարին, մահն աչքի առաջ, խեղճացնում էր կատաղի նժույգին։ Վերջապես նրանք որսորդներ էին խուլ ծմակներում և ձորերում, որտեղ ոչխարի մոռացված աղաքարի վրա գիշերով իջնում էին պախրաները։

Ձմեռը գետը սառչում էր, ձուկն իջնում էր հարավ, որսը թաքնվում էր, ով գիտե, ինչ որջերում, և պակասում էր նրանց 20 գինեդրամը։ Այն ժամանակ լուրեր էին պտտվում, թե Ձորեկից կորել է մի երինջ, կորել է խոջա Բաղիրենց կովը, գիշերով մարդ է մտել Տեր զի բազումի մեղվանոցը, և ձմեռն ի՜նչպիսի լուրեր չէին տարածում Գորիս քաղաքում։ Եվ նաև շշնջում էին, թե Խուռուփի ձորում գտել են կորած երինջի գլուխը, կովի հետքերը գնացել են մինչև գետափ և իբր թե Տեր զի բազումի մեղվանոցից մի արկղ մեղու թափել են ջուրը և ջրի ափին թողել են դատարկ արկղը։ Եվ ով շշնջում էր, ավելացնում էր նաև Դոլուն Կարիի, Խանձատ Խուդու և մյուս եղբայրների անունը և լռում էր։

30 Ճի՞շտ էր այդ, թե չար բամբասանք էր,- դժվար է ասել...

Բայց ստույգ է, որ ամառ-ձմեռ, ամեն երեկո Հին ճանապարհով հարբած տուն էին վերադառնում եղբայրներից երկուսը, երեքը, երբեմն մի ամբողջ խումբ։ Նրանք քայլում էին, չուխաների փեշը կրծքով պատած մինչև ուսը, գդակները ծուռ, դանդաղ օրորվում էին, օրորալով երգում էին հանկարծ փողոցի