Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/478

Այս էջը հաստատված է

կիրակի՝ օրերն այդ կարգը խանգարվեր, որովհետև երբեմն կիրակի օրերը միս էին առնում ներկարար Նեսին, լվացարարուհի Մինան, և պատահում էր, որ Հայաստանցի Ավետիսն էլ մի գրվանքա միս էր առնում։ Այդ ժամանակ խոջաներից մեկն ասում էր․

- Շեն քաղաք ես, Գորիս, որ մինչև անգամ ղարիբ Հայստունցին էլ է միս առնում․․․

Գարադա-բուլդի Մուխանի ձեռքով միսն ուղարկեցինք Հաստ Ներսես բեյի տունը ոչ այն դիտումով, որ ցույց 10 տայինք, թե ինչքան սերտ բարեկամություն կար Ներսես բեյի՝ գավառային վարչության դիվանապետի՝ Զանգեզուրի կես- գավառապետի և մի խեղճ պաշտոնյայի միջև, որը թեև ոստիկան էր և թուր ուներ նարնջե ծոպերով, բայց լինելով բուն կյորեսեցի, երբեմն տրեխ էր հագնում և, գնում էր խոտհնձի։ Մեր դիտումը չէր ցույց տալ երանելի համերաշխությունը սանդուղքի երկու ծայրերի, որովհետև այդ նպատակով կարող էինք ասել, որ Ներսես բեյը, հետկեսօրյա քնից առաջ, երբ արձակում էր տուժուրկայի կոճակները, հարցնում էր կնոջը.

20 - Վարսեն, Մուխանին բան-ման տվի՞ր․․․

- Տվի, Ներսես բեյ, մի հին շալվար ունեիր, տվի․․․

Միսը Մուխանի ձեռքով ուղարկելով՝ մեր բուն նպատակն էր խոհանոցի խորքից լույս աշխարհ հանել տիկին Վարսենիկին, որը թեև Հաստ Ներսես բեյի կինն էր և ուներ չորս երեխա, բայց միևնույն ժամանակ Գորիսի Հայ կանանց միության փոխ-նախագահուհին էր, և շնորհիվ նրա եռանդուն ջանքերի, Զանգեզուրի գավառապետը մուծել էր տասը ռուբլի՝ հօգուտ որբերի և այրիների... Պատահում էր, որ տիկին Վարսենիկը ճաշից հետո շտապում էր իմանա, թե արդյոք չե՞ն այրվել 30 տիկին Վառինկայի գաթաները, բայց միաժամանակ տիկին Վառինկայից նա տեղեկանում էր Միության առկա գումարի մասին, որովհետև տիկին Վառինկան կանանց միության գանձապահուհին էր և դրամը պահում էր իր սեփական դրամների հետ, հնաձև սնդուկի մեջ, որի բանալին ոսկե շղթայով կախված էր տիկին Վառինկայի կրծքից, իսկ նրա կուրծքը ամենաապահով վայրն էր Գորիս քաղաքում։