Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/48

Այս էջը հաստատված է

- Միևնույն է, վեր չեմ կենալու։

Այն ժամանակ, երբ Անթանոսյանը սենյակում նստած ճակատն էր շոյում և քրտինքի փոշոտ կաթիլները ճակատից սրբում, հենց այդ ժամանակ Հովնաթան Մարչը կանգնել էր այն դռան առաջ, որի վրա գրված էր առանց զեկուցման... Անհամբերությունից նա քայլում էր նախասենյակում, մեկ էլ հանկարծ կանգնում, ունքերը կիտում և ձեռքը, սպիտակ, փափլիկ ձեռքը մեկնում այնպես, կարծես անտես մի մարդու վշտով ու զայրացած հարցնում էր․

10 - Ի՞նչ արիք․․․

Երբ Հովնաթան Մարչը նստել էր աթոռին և հարցնում էր պետին Նոր Եթովպիո հողերի մասին, հենց այդ նույն ժամանակ հյուրանոցում Անթանոսյանը կատարում էր սկսնակ դերասանի այն վարժությունները, որպիսիք արդեն սերտել էր Հովնաթան Մարչը նախասենյակում։

- Դավաճանությու՜ն..․ Չար նախանձ, որ կրծում է որդի պես... Մեղ խոստանա՜լ և հետո՞․․․

Այդ հետոն հենց այն էր, որի համար էլ Անթանոսյանը այդ օրը եկել էր, արևի տակ փոշի կուլ տալով։ Հաջի Խարաբ 20 գյուղում ծանոթ մի գյուղացի ծիծաղելով հայտնել էր․

- Է՜, վարժապետ, հողերդ հրեն չափում են. ջու՜ր են բերում, ջու՛ր․․․

Եվ ի՞նչ տեսավ Անթանոսյանը հենց այն հարթության վրա, ուր պիտի լիներ Նոր Եթովպիան։ Այստեղ, այնտեղ ձողեր, սեպեր, երկաթյա շղթաներ, մարդիկ, որոնք աշխատում էին, գրում, չափում։ Ինչո՞ւ արևը չզարկեր նրանց և գետինը ճեղք չարեց կլանելու այն մարդկանց, որոնք սառնարյուն, առանց ոգևորության կտրատում էին դաշտը, ձևում, ինչպես զինվորական մասերից կապալով պատվեր վերցրած դերձակ։

30 Անթանոսյանը դիմեց նրանցից մեկին, որ քարտեզի վրա ինչ-որ գիծ էր քաշում և հաշիվներ անում։

- Իսկ ո՞ւր մնաց Նոր Եթովպիան։

- Մենք դեռ հաշվում ենք, ձևում։ Կուզենան, թող շինեն,- ասաց մարդը։

- Պղծվե՜ց, պղծվեց փրկության կղզին․․․