Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/482

Այս էջը հաստատված է

հավանում էր Լյուդմիլլա Լվովնան,- կարծիք էր հայտնում, թե Մարկով 2-րդի ճառից հետո զեմստվոյի իրավունքները կսահմանափակվեն, այնինչ Տիկրան Պետոիչը, որ ոչ պրոգրեսիստ էր և ոչ լիբերալ, այլ անկախ մտածող էր, հակառակ կարծիքի էր։

Պատահում էր, որ Եփրատ Երեմի խանութում ծայր էր առնում այդպիսի վեճ համապետական խնդիրների և ոչ, օրինակ, մաղաշարի և չոր թթուի շուրջը, բայց այդ վեճն էլ վերջանում էր հորանջյունով և եթե նույնիսկ հորանջյունով 10 չվերջանար, այլ վերջանար մի շիշ խերեսով, որ Եփրատ Երեմը բաց էր անում ի նշան հաշտության,- դարձյալ հոգևոր շահից չէր այդ վեճը, այլ այն ահռելի ձանձրույթից, որ քաղցր ծորում էր ամբողջ Գորիսում։

Նույնիսկ եթե ասենք, թե տարին մի անգամ Հաստ Ներսես բեյն ունենում էր հոգևոր շահ, երբ, օրինակ, պարոն Արշակը նրան մատուցում էր մի պատվավոր տոմս, որի վրա գեղեցիկ գրչագրով նույն պարոն Արշակը գրել էր․ «Մեծապատիվ պարոն Ներսես բեյ, Գորիսի հայոց ծխական դպրոցի սիրող-սիրողուհիների խումբը խնդրում է Ձեզ Ձեր ներկայությամբ 20 պատվել թատերական հանդեսը հօգուտ...»- երբ Ներսես բեյը հետ կեսօրյա քնից հետո ընդունում էր պատվավոր տոմսը, հարցնում էր, թե ուրիշ ո՞ւմ են հրավիրել, համեմատում էր իր աթոռը և կարգը մյուս բեյերի աթոռների ու կարգերի հետ և ապա մի արծաթ ռուբլի էր տալիս,- տարին մի անգամ հոգևորը ստվերի նման երևում էր, և այդ կարելի է մանրամասն պատմել, որովհետև այդ պատահում էր տարին մի անգամ,— բայց դարձյալ չի կարելի ասել, թե ի՞նչ ազգի էր Ներսես բեյ Զումշուդովը և ի՞նչ լեզվով էր խոսում և առհասարակ ի՞նչ լեզվով էին խոսում Գորիսի բեյերը, որոնց տները տարին 30 երկու անգամ օրհնում էր քաղաքի ավագ քահանան, և տնեցիները՝ մեծից մինչև փոքրը կռանում և համբուրում էին հայ լուսավորչական խաչը։

Այդ ամենադժվարն է ասել, թե ի՞նչ ազգի էր Զիլֆուղար բեյը, որ վարժ խոսում էր թուրքերեն և ռուսերեն, իսկ հայերեն թեմական հաջորդին ասում էր աճուրդ, հայ