Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/486

Այս էջը հաստատված է

Հասկանում էր, թե ո՞ւր կորան վաղեմի պարարտ հողերը և շարմաղ ալյուրը։

Իրան Թուրանում չկար քեզ բարաբար,
Դառն ես դառել, հե՜յ Զանգեզուր...

Աթա ապերը կարտասաներ երկու տող «Գորիսի գովքից», բայց այնպես կասեր, որ իբրև իջնում է խոր ձորերը և բարձրանում է բարձր լեռները, և լեռնային քամու նման լեզուն պտույտք է անում դեպի երկինք։

Այդքան գեղեցիկ և հնչեղ էր Կյորեսի լեզուն։ Նա մի չքնաղ գորգ էր՝ նախշերով և վարդ ծաղիկներով մի հին գորգ, ինչպես Մինայի աղջիկ ժամանակ գործած գորգը, որ փռված էր Հաստ Ներսես բեյի դահլիճում։ Ինչքան հնանում և մաշվում էր, այնքան շքեղանում էին գորգի գույները, և պատահում էր, որ Մինան, երբ այդ հին գորգը տանում էր գետը և լվանում էր,- Մինան լաց էր լինում, և նրա հետ լաց էր լինում Կյորեսի լեզուն․․․