Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/493

Այս էջը հաստատված է

դիտում է Սմբատի էկզոտիկ ֆիգուրը։ Սմբատը լուռ և լուրջ կանգնել է, իբրև Լեռնահայաստանի երևելի դեմքերից մեկը։ Երդման սեղանին են մոտենում այն չորսը, որտեղ մի ձիավոր մյուս երիտասարդ ձիավորին համոզում էր, թե հարկավոր է խաչը և ավետարանը համբուրել գոնե առերես։ Ձիավորը՝ բուկը բռնելով՝ վերջին րոպեին ևս խնդրում է երիտասարդին իրենց «կրակի մեջ չքցել․․․»։ Երեքով այդ երիտասարդին են հանձնում ձիերի սանձերը, իրենք մոտենում են երդման սեղանին։ Խաչի վրա առաջինը խոնարհվում է նա, ով համոզում էր։ 10 Այդ դիրքով նա հետևյալն է նկատում։

Երիտասարդը չորս ձիերի սանձից բռնած՝ ձիերի մռութներն իրար է մոտեցնում։ Նա ձիերի արանքումն է։ Ձիերն իրար հոտոտում են, ձիերից երկուսը վրնջում են, երիտասարդը բղավում է նրանց վրա, և այն րոպեին, երբ առաջին ձիավորը՝ խաչ և ավետարանը համբուրելուց հետո, մոտենում է ձիերին և ահա երիտասարդը ստիպված պիտի գնա դեպի սեղանը (իսկ ձիերի վրնջոցի վրա բոլորի ուշադրությունն այն կողմն է),— այդ րոպեին երիտասարդը նորից ձիերի մռութներն իրար է մոտեցնում, նրանք ավելի կատաղի են վրնջում, ծառս են լինում, երիտասարդը 20 երկու ձիու սանձը բաց է թողնում, ձիերը փախչում են, մնացած երկու ձիու սանձը նա կոխում է առաջին զինվորի ձեռքի մեջ, որը շշմել է այդ անակնկալից,— իսկ երիտասարդը վազում է դեպի փախչող ձիերը, նրա ետևից փախչում է նաև մի ուրիշ զինվոր երկրորդ ձիու տերը։

— Ասածն արեց, էլի...,— ասում է առաջին զինվորը երիտասարդի ետևից։

Հետզհետե խավարում է։

Խավարման մեջ դեռ լսվում են զանգերի մեռնող ղողանջը և ռազմական քայլերգը՝

30 — Քար քարի վրա չի մնա, Բայբուրտ...

2

Սենյակ՝ կահավորված ոչ հարուստ, բայց թանկ արդուզարդով։ Այդպիսի սենյակներ կային Գորիսի խոջա-վաճառականների տներում և կոչվում էին «զալ»։ Կահկարասի՝ եվրոպականի