Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/505

Այս էջը հաստատված է


Սոնան դատարկում է նավթը։ Ճրագը հանգչում է։ Լսվում է Մինա զիզու զարմանքի բացականչությունը՝ «վըիա՜», ապա դուռը փակվում է, և դրսից՝ Մակիչի հեռացող ոտնաձայնը։

Աստղալույս չկա։ Միայն ձյունի շափաղն է և ժայռերի սև ստվերները։ Քնած տների արանքով անցնում է Մակիչի սիլուետը։ Երբեմն չի երևում, այլ միայն լսվում է ոտնաձայնը՝ ձյունի վրա։ Մի շուն հաչում է։ Նրա հաչոցը հետզհետե ուժեղանում է, ապա նվազում, որից հասկացվում է, որ Մակիչն անցավ այդ տան կողքով։ Հեռվից մի շուն արձագանքում է, և արձագանքը դղրդում է ձորի գյուղում։

10 Բացվում և իսկույն փակվում է մի դուռ։

Ներսը՝ ճիշտ առաջին ճրագի նման մի տուզուրիկ ճրագ հանգչելու մոտ է։ Մարդ կա, բայց դեմք չի երևում, այլ ինչ-որ ձեռք, ինչ–որ գիրք։ Մթնում մի ձայն՝

– Ա՜, ոտս կոխեցիր, է...

Մակիչը նավթը լցնում է ճրագի մեջ, պատրույգը բարձրացնում է։ Խոր և ամայի քարանձավ է։ Ընդհատակյա բջիջի ժողով։

Ճրագի լույսով առաջինը երևում է այն դեմքը, որ ձյունամրրիկի մեջ թաքնվեց փողոցի անկյունում և բանտապետ 20 Սմբատի ետևից ասաց. «դահիճ»։

Այդ Քրիստն է, Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեի անդամը։

Նրա կողքին Լևոնն է, այն երիտասարդ ձիավորը, որ ձիերը կռվացնելով, խուսափեց երդվել խաչով և ավետարանով։ Նա զինվորի նույն տարազով է, ինչպես զորահանդեսին։

Երբ Մակիչը ճրագի պատրույգը բարձրացնում է և լուսավորվում են Քրիստի և Լևոնի դեմքերը,– կիսամութ անկյունից փափախով մեկը բրդոտ թաթը մեկնում է ճրագին, որպեսզի կպցնի ծխախոտը։ Քիչ է մնում ճրագը հանգչի։ Պուղանը, սրախոս մի երիտասարդ, բամփում է նրա գլխին և հեռացնում ճրագը։

– Արջ, հերիք է ծուխ տաս։

Եվ ծխի քուլան թանձր բարձրանում է։ Պուղանը շարունակում է.