Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/510

Այս էջը հաստատված է

3

Լուսանում է։

Շաղոտ արտերի մեջ կաքավի ձայնը։ Լորը թռավ կանաչներից։ Ծագում է արևը․ մայիսի առավոտը Զանգեզուրում։

Մակիչը արահետով բարձրանում է։ Ամբողջ գիշերը ճանապարհ է կտրել։ Նա շինելի փեշերը խրել է գոտու մեջ և գնում է ամայի լեռնալանջով, կանալների միջով։

Ոչ մարդ կա, ոչ մարդաձայն։ Ձախ՝ խոր ձորն է՝ ժայռեր, ձորի խորքում՝ ջուրը, մյուս 10 ափը՝ կանաչ անտառ։

Մակիչը քայլում է հիացած առավոտի գեղեցկությամբ։

Մի արտում մոռացել են բահը։ Մակիչը քարափի գլխից նայում է ներքև։

Հեռվից լսվում է հովվի սրինգը։

Մակիչը նայում է։ Ներքև՝ ձորում հովիվը ոչխարն արոտ է հանել։

Մակիչը հանգստանում է, սրբում է քրտինքը։ Նա եկել է դժվար արահետներով, եկել է գաղտագողի և զգույշ նայում է չորս կողմը։

20 Լեռան գլխին լսվում է ձիերի դոփյուն, մարդկանց ձայներ։ Թնդանոթները ձիերի վրա բեռնած՝ ցեխի մեջ թրջված, ջարդված, ով գիտե որտեղից ուր են տանում զինվորները՝ կես գյուղացու կես զինվորի զգեստով՝ ցեխոտ, հոգնած։

Մակիչը թաքնվում է։ Նրանք անցնում են։

- Հենց ասում եմ՝ քցեմ էս ձորը, կորչի գնա...

- Կտրվի մեր օրը․․․

Մակիչը նայում է նրանց ետևից։ Երբ նրանք հեռանում են, Մակիչը կորչում է։

Նա մի անգամ ևս երևում է թփուտների մեջ, երբ իջնում է 30 գյուղի վրա։

Թփուտների մեջ կանգնել նայում է հայրենի գյուղին՝ Զանգեզուրի գյուղին՝ ժայռերի մեջ և խոր ձորերում։