Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/549

Այս էջը հաստատված է

Հետապնդողների առաջին ձիավորները երևում են, ապա կորչում են։ Կոմունարները դեռ արևմուտք են նայում, երբ հյուսիսից գետափի տափարակով արշավում է ձիավորների խումբ։

Մակիչը նկատեց, կրակեց։ Ձիավորները կանգ առան։

Մութ ձորում միայնակ գնում է Բադին։ Թվում է, թե խելագարվել է... Երբեմն կրակոցի ձայների հետ փախչում է։ Ահը, խղճի խայթը և հոգնությունը նրան հետապնդում են։

Հետապնդողները որոշել են երկու կողմից շրջապատել բլուրը։

Միակ ելքը պղտոր գետն է։

10 Ձիավորները ցնցվում են, որպեսզի արշավեն։

Արշավում են արևմուտքից նրանք, որոնք թաքնվել էին։ Կոմունարները կրակեցին։

Բադին ձեռքերով ականջները փակած վազում է։ Գլորվում է և այլևս չի երևում։

Հյուսիսից ձիավորները արշավում են։

Հանկարծ գնդացիրային կրակ է բացվում։ Մակիչը նկատում է, որ հյուսիսից արշավողները կանգ առան և նայում են գետի մյուս ափին, որտեղից բացվեց գնդացիրային կրակ։

Կարմիր բանակայինների մի զորախումբ, որ գիշերով դուրս 20 է եկել հետախուզության, գետի մյուս ափից կրակ բաց արեց, նկատելով արշավող ձիավորներին։

Ձիավորները փախչում են։ Մակիչը նկատեց գետի մյուս ափի բանակայիններին։

- Պուղան,- և Մակիչը ծոցից հանում է ապստամբության դրոշը՝ Սոնայի քողը, հագցնում է հրացանին, բարձրացնում է․

- Ուռռա՜ ,- բղավում է Մակիչը։

Գետի մյուս ափին նկատեցին կարմիր դրոշը։

Կոմունարները նայում են, թե ինչպես են արշավում կարմիր բանակայինները։

30 Մակիչը գնում է դեպի գետը։ Պուղանը նրանից առաջ է վազում։

Գետը վարար աղմկում է՝ պղտոր ալիքներով։ Երբեմն ջուրը տանում է մի արմատախիլ ծառ։

Կարմիր բանակայինների մեջ է Լևոնը, որին Մակիչը ապստամբության գիշերը սուրհանդակ ուղարկեց։ Մակիչն ինչ-որ բղավում է։ Այն կողմից զորախմբի պետը կանչում է.

-Что надо...