Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/55

Այս էջը հաստատված է


Նյութականի կարիքն սկզբին պիտի ըլլա, անկե վերջ իրենք կըհատուցանեն Զեզմե ստացած դրամը։ Ամեն օր հարյուրավոր աղերսագիր կստանամ ձեր անունով գրած։ Ամենք ալ հայրենակիցներ են, կփափագին բնակիլ Նոր Եթովպիայում։ Պանքային միջոցով դրամ փոխադրեք... Հիմնադրումը սեպտեմբերի 4-ին, Ձեր ծննդյան օրը։ Այդպես է հայրենակիցներու միահամուռ ցանկությունը։ Կլսեմ, թե կառավարությունը ևս որոշած է Ձեզ շնորհակալության թուղթ ղրկել։ Ձեր անունը մեզի վահան դարձուցած ենք և հաջողությամբ կաշխատինք։ Նախորդ թվակրիս մեջ հիշած էի, որ ուսուցիչն ու քահանան 10 պատրաստ են։ Երկուքն ալ երևելի հոգիներ են, մեր նախնի բարքերով։ Կհուսամ, որ դրամի առաքումը չեք ուշացներ։ Հայրենակիցներու որոշմամբ ամենքն ալ կրծքին վրա Ձեր անունը փորագրած նշաններ պիտի կախեն հիմնադրումի օրը: Հինգ արու մանչ ցուցակ ըրած են, որոնց մայրերու անզուսպ ցանկությունն է կնքել զանոնք ավազանի մը մեջ Նոր Եթովպիայի և հինգին ալ անվանել Անդրեաս։ Կհուսամ, որ Ձեր անունը չեք մերժիլ շնորհելու փղշտական մանուկներուն․․.»։

Այս ամենը գրելուց և ծրարները կնքելուց հետո Հովնաթան 20 Մարչը թեթևություն զգաց։ Սև ամպն անցավ, և ոգևորության արևը նորից շողաց։

- Խելռել է պոլսեցին,- մտածեց սպասավորը, երբ Հովնաթան Մարչը սուլելով իջավ սանդուղքներով և քայլերն ուղղեց դեպի այն շենքը, ուր գրասիրաց հավաքույթը պիտի տոներ Տաղավարյան բանաստեղծի հարյուրամյան։

Հովնաթան Մարչը դռնից ներս մտնելուց ստիպված եղավ լուցկի վառելու, մութի մեջ դուռը գտնելու համար։ Եվ որքա՜ն մեծ եղավ նրա զարմանքը և ուրախությունը, երբ մուտքի մոտ տեսավ սպիտակամորուս մի մարդու և բժիշկ Երանոսին։ Բժիշկն 30 իսկույն մոտ վազեց, նրա թևից բռնեց։

- Ձեզ էինք սպասում։ Մենակ կդժվարանայիք սրահը գտնել։

Եվ մինչև Մարշը աչքերը բաց ու խուփ անելով կվարժվեր միջանցքի մութին, բժիշկ Երանոսը կարկուտի պես վրա տվավ։

- Մոռացա ծանոթացնել, Դրաստամատ Խաչատրյան, երևի...