Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/553

Այս էջը հաստատված է

Մինա զիզին թոռանը գրկած վերադառնում է։

Պառավը ձիավորներից վախեցած, հեռու է կենում, ապա լսելով Պաշտոնավորի խոսքը, թե՝ «գնաց, է՜»,- նայում է երկնքին․

- Աստված, վերջի գնալը լինի․․․

Խավարում։

6

Ամայի լեռներ։

Մաղում է բարակ անձրև։ Տխուր մշուշ։

10 Երբեմն մշուշը ծածկում է ամեն ինչ, և միայն երևում է լեռան գագաթը, կամ մշուշի մեջ ցցվում է մի ժայռ, երբեմն քամին ծվեն-ծվեն քրքրում է մշուշը, և այն ժամանակ երևում է ջարդված հեռագրասյունը, դաշտային մի բու նստել է սյունի կատարին։

Երևում է քարուքանդ խճուղին, մի ձորակ, որտեղ կամուրջ է եղել, և այժմ միայն ցցված են կամուրջի գերանները։

Լսվում են ձայներ՝ մտրակի և մարդկանց աղմուկ։ Մշուշի մեջ ցեխոտ լեռնալանջով բարձրացնում են թնդանոթը։ Մշուշը ծածկում է այդ պատկերը, և բացվում են դիրքերը՝ Լեռնահայաստանի առաջին, երկրորդ և երրորդ ճակատը։

20 Ցուրտ անձրև է։ Զորքը՝ մահակով, մտրակով հավաքած գյուղացի տղաներ, ով «մեզար»-ը գլխին, ով հնամաշ շինելը, և նույնիսկ զինվոր կա, որ գլուխը և կուրծքը պահել է քարի խոռոչում, իսկ ոտքերն անձրևի տակ են։

Մի մոռացված ռազմական երկանիվ սայլակ։ Դաշտային հեռախոսի լարերը աղիողորմ զրնգում են, կարծես նրանք ևս ասում են այն, ինչ մշուշը, զոռով քշած զորքը և ջարդված հեռագրասյունը՝ «Հերիք է գնդակ ցանել և հնձել դիակ»․․․

Ծխում է աթարի կրակը։

Ծուխը խառնվում է մշուշին, պատում է էկրանը, հնչում է 30 ծանոթ մարշը, և ապա երևում են ձիավոր խմբերը՝ Կուռոյի, Ներսեսի, սիսիանցիների, ղափանցիների ձիավոր հարյուրյակները։

Մշուշը ծածկում է ամեն ինչ։