Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/57

Այս էջը հաստատված է

- Տեսնո՞ւմ եք... Ես միշտ էլ ասել եմ, որ դիպվածը մարդու կյանքում վճռական է,- ասաց բժիշկ Երանոսը, թեկուզ երբեք այդպիսի բան չէր ասել։

- Սա էլ մեր հարգելի հայրիկը։ Իր ամբողջ կյանքը նվիրել է հայրենիքին,- ասաց բժիշկը, առաջ հրելով կարճլիկ ու նիհար մի ծերունու, որի մի կողմ ծռած վիզը խեղճացնում էր դեմքը ու տալիս նրան այնպիսի արտահայտություն, որ ասում էր.

- Հիմա ես տաշեղի կտոր եմ։ Ինձ հանգիստ թողեք։

Քիչ հետո հավաքույթն սկսվեց։ Նախագահ Շահնազարյանը 10 (Կովկասի կուլտուր-կրթական ) նիստը բաց արեց այնպես թույլ ու բեզարած, կարծես ուզում էր ասել, որ առանց իր խոսելու էլ նիստը իրեն-իրեն կբացվեր։

Տաղավարյանի մասին խոսեց թեմական դպրոցում քսան տարի հայոց գրականության դասատու Տեր-Հովնանյանը, որի միալար ու տրտում նվագի պես հնչող բառերը շատ շուտով քնաբեր եղան պատմաբան Խոյեցյան Սերովբի, Պետրոս Գետադարձի և ուրիշ մի քանիսների համար։ Նույնիսկ Հովնաթան Մարչը հորանջեց։ Եվ եթե Գրիգոր Լեռնականը ստեպ-ստեպ հազում էր, անշուշտ, այդ արթուն մնալու քողարկված միջոց էր, 20 թշնամուն չմատնելու համար իսկական նպատակը:

Ծափահարություն եղավ։ Բայց այդ ծափահարությունը կարելի էր բացատրել նաև ճառը վերջանալու ուրախությամբ։ Եվ երբ բժիշկ Երանոսը քնած աչքերը բաց ու խուփ անելով, ծանրացած գլխի համար մի հենարան էր փնտրում, հանկարծ Հովնաթան Մարչը մոտեցավ ամբիոնին։ Ննջողներն սթափվեցին։

- Հայրենակիցնե′ր, այսօր մեծ մարդու հարյուրամյա տարելիցին իմ խնդակցությունները կհայտնեմ օվկիանոսի մյուս ափը ապրող ցեղակիցներու կողմեն։ Ո′չ, մեռած չէ այն մեծ 30 մարդը, որ քունեն զարթեցուց այս Ժողովուրդը և ըսավ. ելի'ր, ազգ, ժամը հնչեց...

Բժիշկ Երանոսը այնքան փոքրացա՜վ... Եթե հնար չիներ սեղանի տակ պահվելու, ապա կամացուկ դուրս ծլկելու։ Ինչե՞ր է խոսում, եթե լսեն...