Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/573

Այս էջը հաստատված է

10

Նույն սենյակը Տաթևում։ Գիշեր է։ Վառվում է մոմը։

Գեդեոն վարժապետը կուչ է եկել, կարծես մրսում է։ Պատուհանից դուրս է նայում գնդապետ Կուռոն։

Լուսնյակ գիշեր, ժայռերի ստվերները։ Ձորում շառաչում է ջրվեժը։

Բակի սալահատակի վրա երևաց լույսի շերտը, ինչպես նիզակ։ Մեկը լապտերով կանգնել է ինչ-որ տան առաջ։

Քարափի գլխին ստվերներ։ Մի տեղ ձի է դոփում։

10 Խավար միջանցքով գնում է պարուչիկ Ամիրջանովը։ Նա չի երևում, և չեն երևում նրան ուղեկցող մաուզերիստները, այլ միայն լսվում է ոտքի դոփյուն, ապա ձեռքի լապտերի նիզակաձև լույսը։

Լսվում է մի ձայն․

- Ալլահ, աման...

Տաթևի խոր զնդանը։ ճրագի աղոտ ցոլք: Պառկել են, նստել են, ոմանք քայլում են։

Մի ծերունի թուրք և մի հայ գյուղացի, ապա երկու երիտասարդ, նաև Գարեգինը։ Վերջինիս է դիմում թուրքը․

20 - Լավ, ասենք, ես թուրք եմ, բա հայերը ձեզ ինչո՞ւ են սպանում․․․

Գարեգինը՝

- Մենք ուրիշ ազգ ենք, հայր... Մենք բոլշևիկ ենք։

- Դա ի՞նչ ազգ է․․․

- Դա մի նոր ազգ է... դա,- և գրկում է թուրքին․․․- դա․․․ ազգերի կռիվ չի ուզում, այլ կռիվ հարուստների դեմ, խաների դեմ, խեղճ ֆուղարա մարդկանց ազատության համար․․․

Ամիրջանովը ներս է մտնում։ Քար լռություն։ Պարուչիկը 30 Գարեգինին մատով նշան է անում՝ որ դուրս գա։ Գարեգինը նայում է շուրջը, հանում է պինջակը, տալիս է ծերունուն․

- Առ, հայր․․․ թե ողջ մնացիր, պետք կգա։

Թուրքը լալահառաչ իրեն նետում է նրան պաշտպանելու։

- Ո՞ւր եք տանում իմ որդուն․․․