Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/601

Այս էջը հաստատված է

ԲՆԱԳՐԵՐԸ

Ակսել Բակունցի երկերի ակադեմիական հրատարակության այս՝ 3-րդ հատորում ընդգրկված են գրողի առավել ծավալուն ստեղծագործությունները, ինչպես և այնպիսիք, որ ամբողջական վիճակում եղել են ծավալուն։ Ներկայումս եղած ծավալի տեսակետից էլ հատորում ընդգրկված երկերը, բացի մեկից, ամենաընդարձակն են Բակունցի գեղարվեստական բոլոր ստեղծագործությունների մեջ։ Իսկ այդ բացառությունը «Որդի որոտման» երկից պահպանված հատվածն է, որ համեմատաբար փոքր է, բայց այս հատորում է գրվել, քանի որ ծավալուն գործի (վիպակի կամ վեպի) հատված է։

Ա. Բակունցի ամենից ավելի ընդարձակ երկերը եղել են «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» վեպերը, որոնցից նույնպես պահպանված են հատվածներ (տե′ս Ծանոթագրությունների համապատասխան բաժիններում)։

Հատորի մեջ տեղ գտած մյուս երեք գործերն ամբողջական են։

Այսպես․ ներկա հատորում ներկայացված է վեց երկ, ինչպես և մեկ տարբերակ։ Նրանցից Բակունցի ամբողջ ստեղծագործության մեջ լավագույնների շարքում են «Կարմրաքարը», «Խաչատուր Աբովյանը», «Որդի որոտմանը» և «Կյորեսը»։

Բնագրերը ներկայացված են երեք բաժիններով՝ Վեպեր և վիպակներ, Կինոբեմագիր, Այլ խմբագրում: Առաջին բաժնում գործերը դասավորված են ժամանակագրական կարգով։ Պայմանական է այդ բաժնի անվան երկրորդ մասը՝ վիպակներ, քանի որ եթե «Կարմրաքարն» ու «Խաչատուր Աբովյանը» հեղինակը ստուգապես վեպ է համարել, ապա «Հովնաթան Մարչը», «Որդի որոտմանը» և «Կյորեսը» հեղինակի որևէ նշումի մեջ վիպակ կամ վեպ չեն անվանված, և դրանք մենք ենք վիպակ համարել։

Ի տարբերություն Բակունցի երկերի այս հրատարակության նախորդ երկու հատորների, ներկա հատորում Բնագրային տարբերակներ բաժին չառանձնացրինք, քանի որ այդպիսի տարբերակներ հատորում տեղ գտած երկերից միայն երկուսը ունեն, այն էլ առանձին հատվածների տարբերակներ են։ Հեղինակի կենդանության օրոք վիպակներից «Կյորեսը» և «Հովնաթան Մարչը» տպագրվել են մեկական անգամ, «Կարմրաքար» վեպի հատվածները նույնպես մեկ անգամ են հրապարակվել միայն հրապարակված մասից մի փոքր կտոր 1929 թվականին զետեղվել է մի դասագրքի մեջ, «Խաչատուր Աբովյանի» հատվածները, բացի մեկից («Իրավան Չարսու բազար») դարձյալ՝ մեկ հրապարակում են ունեցել, «Զանգեզուր» բեմագիրը բոլորովին չի հրապարակվել։ Այսպիսով, հեղինակի կենդանության օրոք երկու հրապարակում ունեցել են երկու վեպերից մեկական փոքր հատվածներ։ Դրանցից «Խաչատուր Աբովյան»-ի հատվածը բնագրային աղբյուրի արժեք