Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/604

Այս էջը հաստատված է

մասին)։ Բայց դրանք բոլորը նշելու հարկ չկար, քանի որ որևէ տարակույս կամ տարակարծություն այդպիսիների վրիպակ լինելու վերաբերյալ լինել չի կարող։

Եթե ուղղումը թեկուզ ամենաչնչին չափով կարող է տարակարծություն հարուցել, նշել ենք։ Այս պատճառով ներկա հատորում ամեն մի երկի ծանոթագրությունների մեջ ուղղումների ցուցակները բավական ընդարձակ են։ Եվ դրանով ինչ-որ չափով մեղմվում են կազմողի հնարավոր անճիշտ մոտեցումները՝ թույլ տրված բնագրերը կազմելու ժամանակ։ Այս կերպ նաև հնարավորություն է տրվում ամեն մի ուսումնասիրողի, ընթերցողի իմանալու, թե ուղղված այս կամ այն, մեր կարծիքով, սխալը, վրիպումը ինչ տեսք է ունեցել բնագրային աղբյուրում։

Ավելին. նշել ենք նաև բնագրերում մեր պահպանած այն ձևերը, որոնք հնարավոր է, որ մի ուրիշի կարծիքով պետք է ուղղվեին։

Այս հատորում տեղ գտած երկերի մեծ մասը Բակունցի մահից հետո տպագրվել է մի քանի անգամ (տես համապատասխան ծանոթագրությունները)․ միայն «Հովնաթան Մարչ»-ն է, որ մեկ անգամ է վերահրատարակվել։

Վերահրատարակելիս այդ երկերում կատարել են խմբագրական մեծ կամ փոքր կրճատումներ։

Որոշ կրճատումներով է տպագրվել նաև «Զանգեզուր» բեմագիրը։ Ներկա հատորում բոլոր բնագրերը տպագրվում են ըստ եղած բնագրային աղբյուրների լրիվ, առանց ամենափոքր կրճատման։

ՎԻՊԱԿՆԵՐ ԵՎ ՎԵՊԵՐ

ՀՈՎՆԱԹԱՆ ՄԱՐՉ

(էջ 7)

Առաջին անգամ հրապարակվել է 1927 թ. առանձին գրքույկով։ Պետք է գրված լինի 1926 թ. երկրորդ կեսին։ 1929-ին ռուսերեն տպագրվել է «На рубеже Востока» հանդեսում (‹№› 1, 2,3)։ Այնուհետև, տեղ է գտել Բեյրութում 1956 թ. հրատարակված «Ամբողջական գործը» երկերի ժողովածուի 2-րդ հատորում։ Այժմ տպագրվում է երրորդ անգամ ըստ առաջին հրատարակության բնագրի, որի մեջ կատարել ենք մի քանի անհրաժեշտ ուղղում։

Այստեղ ևս մի շարք անվիճելի սխալներ ենք ուղղել (որոնք նշված չեն ուղղումների ցանկում). դրանցից են, օրինակ՝ դիապաստ (ուղղել ենք՝ դիտապաստ) , թավագլոր (թավալգլոր), Նոյան (Նոյյան), քնքույշ (քնքուշ), ցնծղա (ծնծղա) և այլն, ինչպես նաև ընկած տառերի լրացումները, այդ թվում՝ ը, ն որոշիչ հոդերի, ավելորդ տառերի ջնջումը։

ՀՄ-ի բնագրում սխալ է թույլ տրված (հավանաբար, հեղինակի կողմից)․ վիպակի 4-րդ և 5-րդ մասերը միևնույն 4 թվահամարն են ստացել, որի հետևանքով վերջին մասն ունի 8 թվահամարը, թեև 9 մասից է բաղկացած։

Սկսած 5-րդ մասից թվահամարն ուղղել ենք։