Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/608

Այս էջը հաստատված է

իբրև օճառի պղպջակ պայթում է իրական Հայաստանի լեռներին հասնելով։ Ամերիկաբնակ Մարչը տարված է «ցեղի անցյալ փառքով», հայոց «ազնիվ արյան» գաղափարով, «Արմենիա, երկիր դրախտավայր»-ով ու հանկարծ երկրում տեսնում է, թե ինչպես «Կոտրած սայլի ճաղի գլխից աքլորը կանչեց՝ քունը փախցնելու համար... Մի պառավ... հարդախառն թրիքը գունդ էր արել և պատերին էր փակցնում», «ցեխում նստած մի գոմեշ...» և այլն։ Իրական երկիրը խորթ է հատուկ «միսիոնով» հայրենիք եկած գործչին։ Հասկանալի վրդովմունք կա «Հովնաթան Մարչում» տեղ գտած բակունցյան անողոք ծաղրի մեջ, վրդովմունք Սփյուռքի այն գործիչների նկատմամբ, որոնց համար հայրենիք կոչվածը հեռվից հեռու սիրահետելու առարկա է կամ բարձրակոչ ու զարդարանուն ճառ՝ ասված թե Սփյուռքում, թե հայրենիք այցելած ատենին: Մարչը հավաքական կերպար է։

Եվ այնուամենայնիվ, գրողը ծայրահեղությունների մեջ էլ է ընկել, նա իր խայթածաղրի սահմանները աստիճանաբար լայնացնելով նրա ոլորտի մեջ է առել նաև շատ բան այն ամենից, ինչ հենց իր համար նվիրական էր դեռևս մի ութ-տասը տարի գիրքը գրելուց առաջ։

Լիովին սխալ պատկերացում է այն, թե իբր Բակունցը երգիծելով Հովնաթան Մարչին, Անդրեաս Բալիքյանին, սփյուռքի նրանց շրջապատը, «Բարեսիրաց մարմինը», մամուլը, արևմտահայ գյուղացի Ավո բիձուն, ինչպես և՝ «փղշտացիներին, եթովպացիներին, կեսարացիներին, ուռհայեցիներին», ինչ-որ նախապաշարում է ունեցել արևմտահայոց նկատմամբ։ Բակունցը այն, թերևս, եզակի գրողներից ու մտածողներից է, որոնք լիովին զերծ են եղել արևելահայ-արևմտահայ անբովանդակ ջոկողություններից։ Դրա ապացույցն են գրողի ամբողջ կյանքը՝ Արևմտյան Հայաստանի ողբերգության առթիվ նրա հոգեկան տառապանքը, արևմտահայ սովյալներին ու որբերին օգնելու նրա պատրաստակամությունն ու գործնական օգնությունը, նրա երկերում բացառիկ ջերմությամբ պատկերված արևմտահայերը՝ Լառ-Մարգարը, Հազրոն, ուստա Նազարը, Դավոն, Մեջիտա մայրիկը և ուրիշներ։

«Հովնաթան Մարչը» հեղինակի բարդ ապրումների արտահայտությունն է, պետք է խորապես հասկանալ այն և սթափ գնահատել. ծաղրի ետևում նկատել անկեղծ հայրենասերի վրդովմունքը, ցավը, արցունքները։

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՍՏ ԷՋԵՐԻ ԵՎ ՏՈՂԵՐԻ

էջ 10, տող. 2 և հետո. Փղշտացիք ու եթսվպացիք- Փղշտացիները Մերձավոր Արևելքի սեմական հին ժողովուրդներից են, Պաղեստինի հարավ-արևմտյան մասի հնագագույն բնակիչները։ Ըստ Հին կտակարանի, հրեաները Պաղեստինի մի մասը նվաճել են փղշտացիներից, որոնց հետ գրեթե միշտ թշնամական հարաբերության մեջ են եղել։ Փղշտացի բառը գործածվում է նաև արհամարհական իմաստով, իբրև սահմանափակ, մակերեսայի մտածողություն ունեցող մարդ կամ ոչ յուրային, դրսի։ Եթովպացիները կամ հաբեշները Եթովպիայի (Հաբեշստանի) սևամորթ բնիկներն են։ Եթովպացի բառը նույնպես (հատկապես ռուսերենում՝ էֆիոպ) գործածվել է արհամարհական իմաստով՝ անհասկացող անկիրթ մարդ նշանակությամբ։ 1920-ական թվականներին փղշտացի, եթովպացի անուններով Ե. Չարենցը և նրա մտերիմները կոչում էին ազգային որոշ կազմակերպություններ և սփյուռքահայ այն գործիչներին, որոնք չիմանալով հայրենիքը, նրա