Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/61

Այս էջը հաստատված է

Անթանոսյանի բկում սուրճի մի ումպ պնդեց, ձյութի պես փակչեց կատիկին։ Չկարողացավ կուլ տալ։

Միլիցիոները Ավետիս աղային հիշեցրեց տուրքի ժամկետի լրացման մասին ու հեռացավ։

- Կայնենք, ձիերին մի քիչ կեր տանք։ Մեռանք շոգից,- ասաց կառապանը, երբ կառքն անցավ Նազարապատի կամուրջը և կանգ առավ ուռիների շվաքի տակ։

Կառապանը կողովներն ու կապոցները գետնին դարսեց, որից հետո իջան ուղևորները, որոնց ուսերից կախված էին ջրամաններ, հեռադիտակ, հաստ շորով փաթաթած շշեր և այլն։ 10 Անթանոսյանն այդ կերպարանքով նման էր քարվանի նառ ուղտի՝ գորգերով, գունավոր փնջերով, մեծ ու փոքր զանգուլակներով։

- Բարև՛ ձեզ,- ասաց մեկը, որ կառքի կանգնելը հեռվից տեսել Էր ու մոտեցել։

- Բարև, աս ի՞նչ գյուղ է։

- Նազարապատն է։ Ավերակ գյուղ էր, հիմա վերաշինված է։

- Բնիկնե՞ր են,- հարցրեց Մարչը։

- Ամեն տեղից կան։ Գաղթականներ էլ կան. մշեցի կա, 20 բուլանըխցի։ Մի քանի տուն էլ քուրդ կա։

- Քու՞րդ...

- Այո՛, քսանչորս նաֆար են։

- Քու՛րդ,- Այդպես ասողը Անթանոսյանն էր։ Այդ ասելուց հետո հայացքը Մարչին հառողն էլ նա էր։

- Հրամանքնիդ ո՞վ եք...

- Ես խորհրդի քարտուղարն եմ, ինքս էլ կուսակցական.․․

Մարչը շրթունքները լիզեց։ Ինչքան շու՜տ էին չորանում։

Իսկ Անթանոսյանի աչքերը պղտոր ջուր էին։

- Բնի՞կ եք։30


- Ո՛չ, ես Վանի կողմերից եմ։

- Վանա երկրե՞ն...

- Այո՛, բայց հիմա էստեղացի եմ։

Ահա քեզ խաթարված հոգի, մոլորյալ ոչխար, որ մի խուրձ խոտի վաճառել է հայրենի մսուրը։ Հովնաթան Մա՛րչ,